Մատչելիության հղումներ

Հայ-շվեյցարական ընկերակցություն. «Հայաստանը վտանգում է հարաբերությունները Սփյուռքի հետ»


Հայ-շվեյցարական ընկերակցությունը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցումը` որոշ վերապահումներով։ Տարածած հաղորդագրության համաձայն, ընկերակցությունը, մասնավորապես, կոչ է անում հարցականի տակ չդնել Հայոց ցեղասպանությունն ու Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։

«Ժամանակն է, որ Հայաստանն ու Թուրքիան կարգավորեն իրենց հարաբերությունները, սակայն Թուրքիայի պատմական պատասխանատվությունը 1915 թվականի ցեղասպանության համար չպետք է օրակարգից դուրս մնա։ Ավելին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չպետք է նախապայմաններ լինեն», - հայտարարում է հայ-շվեյցարական ընկերակցությունը` պնդելով, որ նախաստորագրված արձանագրությունների մի շարք դրույթներ հակասում են Հայաստանի շահերին եւ թուլացնում են հայկական կողմի դիրքերը ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում։

Կազմակերպությունը, մասնավորապես, անընդունելի է համարում նախաստորագրված արձանագրությունների այն դրույթը, որտեղ կողմերը վերահաստատում են հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները։

«Այդ դեպքում, Հայաստանն այլեւս իրավունք չի ունենա բանակցել Lեռնային Ղարաբաղի անունից», - հայտարարում է ընկերակցությունը եւ հավելում. - «Անհասկանալի է նաեւ, թե ինչու ի թիվս այս սկզբունքների չի նշվում նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը»։

Ընկերակցությունը անընդունելի է համարում նաեւ դրույթը, որով կողմերը վերահաստատում են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձաբար ճանաչումը։

«Եթե Հայաստանը ստորագրի այս դրույթի տակ, մեկընդմիշտ կկորցնի Թուրքիայից հողեր պահանջելու հնարավորությունը», - պնդում է ընկերակցությունը եւ ընդգծում. - «Հայոց ցեղասպանությունը զանգվածային էթնիկ զտում էր։ Ընդունելով առկա սահմանները՝ Հայաստանը մի կողմ է թողնում Ցեղասպանության զոհերի առջեւ պատասխանատվության հարցը»։

Նախաստորագրված արձանագրությունների ամենավիճահարույց դրույթներից մեկը, ըստ ընկերակցության, կողմերի պարտավորությունն է` երկու ժողովուրդների միջեւ փոխվստահությանն ուղղված երկխոսություն ծավալելու եւ պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։

«Սրանով Հայաստանը վտանգում է իր հարաբերությունները Սփյուռքի հետ», - հայտարարում է հայ-շվեյցարական ընկերակցությունը եւ պնդում, թե Հայաստանը իրավունք չունի խոսել ողջ ժողովրդի անունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG