Մատչելիության հղումներ

ԵԽ-ի 47 երկրներից 36-ը ամբողջությամբ չեն կատարում Եվրադատարանի վճիռների պահանջները


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում զեկուցող Կրիստոս Պուրգորիդեսը մտահոգություն է հայտնել, որ Եվրախորհրդի անդամ 47 երկրներից 36-ը ամբողջությամբ չեն կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների պահանջները:

Այդ երկրների ցուցակը զեկուցող Պուրգորիդեսը ներկայացրել է Փարիզում` ԵԽԽՎ-ի իրավական կոմիտեի նիստի ընթացքում: Այդ երկրների թվում են նաեւ Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Ռուսաստանը: Հայաստանը ընդգրկված չէ ցուցակում:

ԵԽԽՎ-ի զեկուցողը նշել է, որ ցուցակը կազմելիս հաշվի է առնվել երկու չափանիշ. նախ ընդգրկվել են այն երկրները, որոնք վճիռը կայացնելուց հինգ տարի անց ամբողջությամբ չեն կատարել այն, կամ էլ բացահայտվել են կառուցվածքային էական խնդիրներ:

Մի քանի տարի առաջ, ասել է Պուրգորիդեսը, այդպիսի 10 երկիր կար, հիմա դրանց թիվը հասել է 36-ի: «Դա շատ վատ եւ անհանգստացնող միտում է: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած բոլոր երկրները պարտավոր են ամբողջությամբ կատարել Եվրոպական դատարանի պահանջները», - ընդգծել է զեկուցողը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG