Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունները նախագահի հրավիրած քննարկումը «իմիտացիա» են համարում


Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին անդամակցող կուսակցությունները չեն մասնակցի սեպտեմբերի 17-ին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված քննարկմանը։

Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանի կարծիքով, նախագահի հրավիրած քննարկմանը մասնակցելու են «անուն չունեցող, դեմք չունեցող, ոչ հայտնի կուսակցությունները»։

«Առաջ անցնելով ասեմ, որ մենք չենք մասնակցելու այդ քննարկումներին, իմիտացիայի մասնակցելու ամենեւին ցանկություն չունենք, թատրոն խաղալու ցանկություն չունենք, առավել եւս այս իշխանությունների հետ, որոնք բացարձակ կապ չունեն այդ փաստաթղթերի հետ։ Սա դրսից պարտադրված փաստաթուղթ է, որին ընդդիմանալ պարզապես չեն կարողացել մեր իշխանությունները», - հայտարարեց Մանուկյանը՝ հավելելով. - «Իրենց համար քննարկումները ամենեւին կարեւոր չեն։ Դա պարտադրանք է, պայմանավորվածություն է, որ պետք է անցկացնել, եւ այդ իմիտացիան անելու են»։

Հարցին, թե ում կողմից են պարտադրված այդ փաստաթղթերը, Մանուկյանը պատասխանեց. - «Դրան շատ կոնկրետ, շատ կարճ կարող եմ ասել՝ Հայաստանը շատ ավելի քիչ դեր ունի այս երկու արձանագրությունների կազմման եւ առաջ մղման գործում, քան նույնիսկ Ադրբեջանը: Սա դրսից պարտադրված փաստաթուղթ է, որին ընդդիմանալ պարզապես չեն կարողացել մեր իշխանությունները»:

Անդրադառնալով պատճառներին՝ Արամ Մանուկյանը ասաց, թե դրանք շատ են. - «Մարտի 1»-ի իրականացումը այս իշխանությունների կողմից լուրջ մարտահրավեր էր իշխանությունների համար, որը զրկեց իշխանություններին [հնարավորությունից] լինել ինքնուրույն գործոն: Դրան նախորդած գործընթացները եւ ոչ-լեգիտիմությունը մեր իշխանություններին ուղղակի զրկել են ինքնուրույն խաղացող լինելուց»:

Մանուկյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը «երջանիկ կլինի չստորագրել [արձանագրությունները] եւ որեւէ քայլ չանել»: «Բայց ինչպես պետք է անի դա, չգիտեմ», - հավելեց նա:

Իսկ հարցին, թե ինչպես է Հայ ազգային կոնգրեսը կանխելու արձանագրությունների ստորագրումը, Արամ Մանուկյանը արձագանքեց. - «Մեր օգնությունը կլինի Սերժ Սարգսյանին այն, որ ինքը կարող է հրաժարական տալ. դա չստորագրելու մի ձեւ է... Կանցկացվեն արտահերթ ընտրությունները, հետո կտեսնենք»:

Մանուկյանը հավելեց նաեւ, թե նախագահ Սարգսյանի նախաձեռնած քննարկմանը չեն մասնակցելու նաեւ այն պատճառով, որ դեռեւս «անազատության մեջ են գտնվում 20 քաղբանտարկյալներ»:

Մանուկյանի փոխանցմամբ, իրենց ընդունած այս որոշման պատճառներից մեկն այն է, որ ՀՀՇ-ն նախագահականից հրավեր չի ստացել։

«Շատ ծիծաղելի տարբերակ է. զանգել են նախագահականից, ասել են՝ եկեք ձեր հրավերները տարեք։ Ես չեմ տեսել որեւէ տեղ, որեւէ դեպք, երբ հրավիրող կողմը կանչում է, ասում է՝ արի, քո հրավերը տար։ Նվազագույնը՝ սա քաղաքավարի չէ», - ասաց Մանուկյանը։

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին հրավերի այս ձեւը խիստ վրդովեցրել էր։

«Հրավերի նման անտակտ ձեւը ընդունելի չէ, անկախ ամեն ինչից», - հայտարարեց Դեմիրճյանը։

Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, որ բոլոր հրավիրյալներին նամակ ուղարկվում է, եւ կոնկրետ ՀՀՇ-ի կամ ՀԺԿ-ի դեպքում հրավեր-նամակների ուղարկման գործընթացը ընթացքի մեջ է։

Ֆարմանյանը հերքեց ընդդիմադիրների պնդումը, թե նրանց առաջարկվել է նախագահականից վերցնել իրենց հրավերները։

Հարկ է նշել, որ ավելի ուշ Հայոց համազգային շարժումը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, այդուհանդերձ, նախագահի նստավայրից գրավոր հրավերներ ստացան:

Կոնգրեսին մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քննարկմանը չեն մասնակցելու, քանի որ վստահ են, որ «գործող նախագահը ազատ չէ իր որոշումներում եւ պարտադրված ստորագրելու է այդ փաստաթղթերը»:

Քննարկումներին մասնակցելու մասին որոշում դեռեւս չի կայացրել «Ժառանգություն»-ը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հարցը կքննարկեն կուսակցությունում եւ որոշման մասին տեղյակ կպահեն:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, մինչդեռ, մասնակցելու է քննարկումներին, եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց կուսակցության ղեկավար անդամ Հրայր Կարապետյանը, ներկայացնելու են իրենց տեսակետները:
XS
SM
MD
LG