Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ռազմական համագործակցության համաձայնագրեր կնքեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ


Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը երկրի նախագահի կարգադրությամբ այսօր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Մերաբ Կիշմարիայի եւ Յուրի Տանաեւի հետ ստորագրել է համաձայնագրեր ռազմական բնագավառում համագործակցության մասին:

«Համաձայն փաստաթղթերի` Ռուսաստանին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում ռազմական ենթակառուցվածքի եւ ռազմակայանների շինարարության, օգտագործման եւ կատարելագործման, ինչպես նաեւ համատեղ զորախմբավորման ստեղծման հնարավորություն է ընձեռվում` ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ալեքսեյ Կուզնեցովը:

Ըստ համաձայնությունների` Աբխազիայում ռուսաստանյան ռազմակայանի շտաբը տեղակայվելու է Գուդաուտայում, Հարավային Օսիայում` Ցխինվալիում: Ռազմակայաններից յուրաքանչյուրի թվակազմը լինելու է 1700 մարդ:

Համաձայնագրերը ստորագրվել են 49 տարի ժամկետով` հաջորդող յուրաքանչյուր 5 տարին մեկ ավտոմատ երկարացմամբ:

Ռուսաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է անցյալ տարվա օգոստոսի 26-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG