Մատչելիության հղումներ

logo-print

Թինա Քեյդենաուն Թբիլիսիում հանդիպում է Վրաստանի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներին


Թինա Քեյդենաու

Թինա Քեյդենաու

Երկուշաբթի օրը Թբիլիսի է ժամանել Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի նորանշանակ օգնական Թինա Քեյդենաուն, ով անցած ամիս այս պաշտոնում փոխարինել է Մեթյու Բրայզային: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպումներ է ունեցել Վրաստանի թե' իշխանության եւ թե' ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«Ես այստեղ եմ առաջին անգամ եւ ուզում եմ ծանոթանալ մարդկանց տեսակետներին, լսել նրանց կարծիքը վերջին շրջանում տեղի ունեցած էական իրադարձությունների վերաբերյալ», - հայտարարել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնականը:

Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովի խոսքով` վրացական կողմը փոխպետքարտուղարի օգնականի հետ քննարկել է Ժնեւում սեպտեմբերի 17-ին նախատեսված հանդիպումը, որտեղ ամերիկյան կողմը առաջին անգամ ներկայացնելու է Թինա Քեյդենաուն:

Անցած տարվա օգոստոսյան կարճատեւ ռուս - վրացական պատերազմից հետո ստեղծված այս ձեւաչափը այսօր միակն է, որտեղ կողմերը` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի միջնորդությամբ, քննարկումներ են անցկացնում հակամարտության գոտում անվտանգություն ապահովելու շուրջ:

«Քեյդենաուն բավական փորձառու դիվանագետ է: Նա քաջատեղյակ է մեր տարածաշրջանի խնդիրներին եւ շատ լավ է պատկերացնում հակամարտությունների կարգավորման գործընթացները», - ասել է Վրաստանի փոխարտգործնախարարը եւ հիշեցրել, որ մինչեւ այս պաշտոնը ստանձնելը Թինա Քեյդենաուն աշխատել է Կոսովոյի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:

Վրաստանյան ընդդիմությունը եւս հանդիպումներում անդրադարձել է հակամարտությունների կարգավորման հեռանկարին եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջազգային ճանաչման գործընթացին:

«Մենք, սակայն, մի շարք հարցեր բարձրացրեցինք նաեւ Վրաստանի ժողովրդավարացման ու նոր ընտրական մթնոլորտի ձեւավորման շուրջ», - ասել է «Հանուն Վրաստանի» դաշինքի առաջնորդ Իրակլի Ալասանիան:

«Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի այցի ժամանակ մենք ստացանք հստակ երաշխիքներ, որ Վրաստանի հետագա ժողովրդավարացումը Միացյալ Նահանգների գերակայություններից մեկն է: Այսօր փոխպետքարտուղարի օգնականը եւս մեկ անգամ հաստատեց, որ վրաց - ամերիկյան երկկողմ հարաբերությունների առանցքը շարունակում են մնալ Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումները», - Թինա Քեյդենաուի հետ շուրջ 45 րոպե բանակցելուց հետո հայտարարել է Վրաստանի ընդդիմության առաջնորդ Իրակլի Ալասանիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG