Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի մեկնարկող քառօրյայում կհրապարակվի «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցը


Երեքշաբթի օրը սկսվում է Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի ընթացքում ներկայացվելու է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի պատրաստած զեկույցը:

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով հրապարակվելիք զեկույցին, ասաց. - «Մարտի 1»-ի հանձնաժողովը մինչեւ այսօր չի տվել մի քանի կարեւորագույն հարցի պատասխաններ: Առաջին` ո՞վ է հրաման արձակել` կրակել մարդկանց վրա: Գործե՞լ է արդյոք Ռոբերտ Քոչարյանի մոտ ֆորմալ կամ ոչ ֆորմալ շտաբ: Երրորդ հարց` այդ ոչ ֆորմալ շտաբի անդամները ովքե՞ր են եղել, եւ եղե՞լ են արդյոք նրանց մեջ այն մարդիկ, որոնք նշվում են: Չորրորդ` եղե՞լ են արդյոք օլիգարխների եւ այն մարդկանց, որոնց մասին ասվել է, այդ մարդկանց կողմից կազմված այդ օնդերկոմանդները, որոնք մասնակից են եղել սպանդին»:

«Ես կարծում էի, որ այդ փաստաթղթի [2008 թվականի մարտի 1-ին պաշտպանության նախարարության պահեստից զինվորական հանդերձանք ստացած 9 պաշտոնյաների եւ խոշոր գործարարների` ընդդիմության ներկայացրած ցուցակի] հրապարակումից հետո հանձնաժողովը պիտի կատարեր հետաքրքիր քայլեր` հրավիրեր [Ազգային ժողովի նախագահ] Հովիկ Աբրահամյանին, հրավիրեր [«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խոշոր գործարար] Գագիկ Ծառուկյանին, հրավիրեր [Ազգային ժողովի գործարար պատգամավոր] Սամվել Ալեքսանյանին, եւ ընդհանրապես` հրավիրեր մարդկանց եւ այդ բոլորին հարցեր տար. չէ որ ինքը հանձնաժողով է, որտեղ շատ սենսացիոն նյութ է Փաստահավաք խումբը ներկայացրել: Մեզ ասացին, որ այդ շարքը ամբողջությամբ պատրաստ է, եւ հերթով հրավիրելու են, եւ այդ ամենը ավարտվեց, երբ [Ոստիկանության նախկին պետ] Հայկ Հարությունյանը եկավ եւ հանձնաժողովում ասաց, որ շտաբ է եղել. այդ օրվանից ընդհանրապես, ինձ թվում է, հրաման իջեցվեց [«Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ] պարոն Նիկոյանին, որ «ոչ մեկին էլ չհրավիրեք», - ընդգծեց Կարապետյանը:

«Մարտի 1»-ի հանձնաժողովի մեկ այլ անդամ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մենք ներկայացնելու ենք օբյեկտիվ եզրակացություն` առանց քաղաքական հետին մտքի, թե դա ում կարող է դուր չգալ, ում շահերը կարող է ոտնահարել, որովհետեւ այդ եզրակացության օբյեկտիվությունից եւ անաչառությունից շատ բան է կախված լինելու` դրան սպասում է մեր հանրությունը, դրան սպասում է միջազգային հանրությունը, մենք ունենք պատասխան` տալու տասը զոհերի հարազատներին, մենք ունենք պատասխան` տալու մեր հանրությանը»:

Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ տասը զոհերի մահվան բոլոր հանգամանքները բացահայտել չի հաջողվել: «Այդ դեպքում, զեկույցում տրված պատասխանները կգոհացնե՞ն արդյոք զոհերի հարազատներին ու հանրությանը», - այս հարցին նա արձագանքեց. - «Բայց մենք պիտի կարողանանք, այո, նաեւ խոստովանել, թե ինչու չկարողացանք մենք այդ խնդիրը լուծել, եւ ովքեր էին, որ օղակներն էին, որ համակարգն էր, իրավական համակարգի որ օղակներն էին, որ պիտի անեին` չկարողացան այդ խնդիրը լուծել: Եվ մենք պիտի կարողանանք նաեւ, այո, ասել, որ այս-այս-այս խնդիրները մենք ի վիճակի չէինք լուծելու, եւ պիտի նշենք դրանց պատասխանատուներին եւ դրանց մեղավորներին` ում մեղքով եղավ, ինչպես եղավ, եւ ով է, ի վերջո, պատասխանատուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG