Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 15-ի մամուլ


Նշելով, որ որոշ ժամանակից ի վեր թերթի նկատմամբ սկսվել է հետապնդումների շարք՝ «Հրապարակ»-ը գրում է. - «Անգամ եթե դրա մեջ չընդգրկենք Հրաչ Քեշիշյանի դատական հայցը մեր թերթի դեմ, ապա մնացած փաստերն էլ բավարար են դա պնդելու համար: Մոտ մեկ շաբաթ առաջ մենք «Ամերիաբանկից» անսպասելիորեն տեղեկանում ենք, որ մեր հաշվի վրա Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կալանք է դրված, եւ 1 միլիոն 594 հազար դրամի բռնագանձման որոշում կա: Ոչինչ, որ մեզ այդ մասին չի տեղեկացվել, եւ դա մենք իմանում ենք, այսպես ասած, պատահականորեն: Ամեն ինչ շատ ավելի անհեթեթ է, քան կարող էր թվալ: Պարզվում է՝ խնդիրը մեր եւ «Գինդ» տպարանի վեճին է վերաբերում: Տպարան, որ, հիշեցնենք, ստեղծվել է միջազգային կառույցների կողմից տրամադրված վարկի հաշվին՝ հատուկ անկախ մամուլի կայացմանն աջակցելու համար: Սակայն կարճ ժամանակ անց դարձել է իսկական մոնստր լրատվական դաշտում եւ գործում է անկախ մամուլի աշխատանքը խոչընդոտելու պարզ միտումով: Եվ պատահական չէ, որ բոլոր այն թերթերը, որ հնարավորություն ունեն հեռանալու այստեղից, հեռանում են՝ առանց ետ նայելու»: «Մեզ սարսափեցնում է այս անօրինականությունը», - ամփոփելով՝ գրում է «Հրապարակ»-ը: - «Սա վկայում է այն մասին, որ երկրում իրավական բեսպրեդելն այն աստիճանի է հասել, որ առանց դատ ու դատաստանի կարող են մարդուն նստեցնել, նրա գույքը խլել, փակել նրա հաշիվը, վնասել նրա գործողություններին»:

«Իրավունքը de facto» թերթը հետեւյալ հարցն է ուղղել քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանին՝ «Ի՞նչ ենք շահելու հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումից»: Վելուծաբանը պատասխանել է. - «Տեսնում եմ մի շարք դիվիդենդներ: Նախ` մշակութային-հոգեբանական. մենք մեծացել ենք ատելության մթնոլորտում, զոհի բարդույթով: Երբ ասում են` ո՞րն է Թուրքիայի ներկա սահմանը, ես ասում եմ` Թուրքիայի ներկա սահմանն անցյալի ատելության սահմանն է: Անցյալի ատելության սահմանը գոնե հոգեբանորեն անցնելն արդեն նվաճում է ազգային մենթալիտետի համար: Երկրորդ` դիտենք, թե ի՞նչ համատեքստում է իրականանում հայ-թուրքական ճանապարհային քարտեզը: Գուցե մեր դիվանագետներից էլ քչերը գիտեն, որ նույնական ճանապարհային քարտեզ Թուրքիան գրել է Քուրդիստանի հետ: Այսինքն` Թուրքիան ոչ իր կամքով է նման միջոցառումներ ձեռնարկում` հաղթահարելով իր երկրում շատ ավելի հզոր դիմադրություն: Նշանակում է` կա արեւմտյան տարածքում ինտեգրվելու ուղղվածություն: Եթե ԱՄՆ-Ռուսաստան հակակշիռներ կան, Ռուսաստան-Եվրոպա մերձեցումներն ակնհայտ են: Հայաստանին արեւմտյան արժեքային տարածքում ինտեգրվելու հնարավորություն է տրվում, որը չունեինք Ռուսաստանի հետ ահագնացող մերձեցման հետեւանքով»:

Նույն թեման է շոշափվում «Հայոց Աշխարհ»-ում տպագրված մեկ այլ հարցազրույցում՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Հարցին, թե իմաստ ունի՞ շարունակել «գործընթացը», եթե Թուրքիան տարբեր պատրվակներով փորձի ձգձգել բանակցությունները՝ «չամչի գրավ» դնելով օգոստոսի 31-ի արձանագրությունների վավերացումը խորհրդարանում, Իսկանդարյանը պատասխանել է. - «Որեւէ խնդիր առանց բանակցությունների չի կարող լուծվել։ Եթե գործընթացը շանս է տալիս խնդիրը լուծելու, իսկ այդ շանսը բավական մեծ է, ապա, այո, արժե շարունակել բանակցությունները, անգամ եթե դրանք կարճ ժամանակում ցանկալի արդյունք չտան։ Որ այդ շանսը 100 տոկոսով կաշխատի, իհարկե, երաշխավորել չեմ կարող։ Այնուհանդերձ, կարծում եմ, սահմանը կբացվի։ Ե՞րբ կբացվի՝ մի քանի ամսի՞ց, թե՞ 10 տարի հետո, չգիտեմ։ Իրողությունն այն է, որ գնացքը տեղից շարժվել է, եւ այն հնարավոր չէ կանգնեցնել. Ա-ն ասելուց հետո պետք է ասես Բ։ Թուրքերը Ա-ն ասել են, եւ գործընթացը վաղ թե ուշ բերելու է սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման։ Բայց դրա համար պետք է լինի գործընթաց, եւ այդ գործընթացն ինքնանպատակ չէ։ Իհարկե, լինում է նաեւ գործընթաց՝ հանուն գործընթացի։ Բայց սա այդ դեպքը չէ։ Ուրեմն գործընթացը պետք է շարունակել, եթե նույնիսկ Թուրքիան ձգձգի արձանագրությունների վավերացումը խորհրդարանի կողմից»։

«ժամանակ»-ում կարդում ենք թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի հետեւյալ դատողությունը. - «Այն, որ Հայաստանի իշխանության համար արտաքին զարգացումները, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերությունն ու Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու, նաեւ ներքին լեգիտիմության փոխարեն գոնե արտաքին լեգիտիմության ապահովելու համար է, արդեն որեւէ մեկի մոտ չի հարուցում գրեթե ոչ մի կասկած: Բայց արդյո՞ք միարժեք է, որ արտաքին գործընթացներում, որոնց ներգրավվել է Հայաստանի իշխանությունը, Հայաստանի ներքին խնդիրները չունեն բացարձակ որեւէ ներկայացվածություն եւ նշանակություն: Թերեւս ոչ: Բանն այն է, որ որեւէ մի գործընթացում, եթե հասնի առարկայական գործողությունների պահը, Հայաստանի իշխանությունների համար դրանք կյանքի կոչելիս պահանջվելու է ներքին լեգիտիմություն, այսինքն՝ հասարակության աջակցություն: Իսկ այդ աջակցությունը հնարավոր է ստանալ միայն ներքին կյանքում լուրջ եւ իրական բարեփոխումների միջոցով»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Չնայած Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի արտահանման մեծ ներուժ, իսկ Թուրքիան՝ տարեկան շուրջ 15% պահանջարկի աճ եւ չբավականացնող արտադրական հզորություններ, երկու երկրների միջեւ տնտեսական ուղղակի (չկայացած) համագործակցությունը շարունակում է պատանդ մնալ քաղաքական խնդիրներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG