Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցության ակտիվը հասարակության «ուշադրությունը շեղելու» միտումներ է տեսնում


«Ժառանգություն» կուսակցության ակտիվը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ «կուսակցության եւ նրա առաջնորդի հեղինակությունը սասանելու անհաջող փորձերը միտված էին Հայաստանի ազգային-պետական շահերից բխող կարեւոր ու համարձակ քայլերից հասարակության ուշադրությունը շեղելուն» եւ վստահություն հայտնելով կուսակցության վարչությանը եւ պատգամավորական խմբակցությանը։

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ակտիվի նիստը, որտեղ քննարկվել են Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մանդատը վայր դնելու, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կուսակցության վարչության տարածած հայտարարության, վարչության կողմից կուսակցության մի շարք անդամների հեռացնելու հետ կապված վերջին զարգացումները։

Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամները, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության հինգ պատգամավորներ, կուսակցության ստորաբաժանումների ղեկավարներ, կուսակցության խորհրդի անդամներ ու Երեւանի ակտիվի ներկայացուցիչներ։

Ակտիվի նիստի մասնակիցները հայտարարություն են ընդունել, որով վստահություն են հայտնել կուսակցության վարչության եւ «Ժառանգություն» խմբակցության որոշումներին եւ ձեռնարկած քայլերին, այդ թվում՝ «ուղղված ներկուսակցական մթնոլորտի առողջացմանը եւ կարգապահության ուժեղացմանը»։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, առայժմ վերոհիշյալ զարգացումների առնչությամբ հասարակության համար որեւէ հայտարարությամբ կամ պարզաբանություններով հանդես չի եկել։

ԱԺ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը կարող է զբաղեցնել կուսակցությունից հեռացված Մովսես Արիստակեսյանը


Հայաստան -- Մովսես Արիստակեսյան, «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված անդամ
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր-անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 2-ից իր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Եթե նա սահմանված 15-օրյա ժամկետում հետ չվերցնի դիմումը, Ազգային ժողովի նախագահը կստորագրի Հովհաննիսյանի՝ լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը։

Օրենքի համաձայն, Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի ընդունման դեպքում խմբակցությունում նրա տեղը զբաղեցնում է կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ համարը՝ Մովսես Արիստակեսյանը։ Վերջինս, սակայն, սեպտեմբերի 9-ին վարչության նիստի որոշմամբ հեռացվել է «Ժառանգություն» կուսակցությունից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադեւոսյանի եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ, պատգամավոր Վարդան Խաչատրյանի հետ միասին։

Սահմանադրագետ Հրայր Թովմասյանի փոխանցմամբ, կուսակցությունից հեռացվելը հիմք չէ խմբակցության մեջ չընգրկվելու համար։

«Ուշադրություն պետք է դարձնել, որ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ կուսակցության ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ ոչ-կուսակցականներ», - պարզաբանեց Թովմասյանը։

Մովսես Արիստակեսյանը, իր հերթին, հայտարարում է, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ես համբերատար սպասում եմ օրենքով սահմանված ժամկետների ու գործընթացների իրականացմանը։ Ինձ ընտրել է իմ ընտրողը։ Ես վաստակել եմ այդ տեղը՝ ի հաշիվ իմ սոցիալական շրջապատի, ի հաշիվ իմ մտավոր ներդրումների, որ կատարել եմ ընտրական քարոզարշավի ժամանակ, ի հաշիվ նաեւ իմ ֆինանսական ներդրումների, որոնք իրականացրել եմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արիստակեսյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, սակայն, կարծում է, որ Մովսես Արիստակեսյանը չի կարող խմբակցության անդամ դառնալ, եթե հեռացված է կուսակցությունից։

«Կուսակցությունում այս պահի դրությամբ դեռեւս չենք քննարկել հետագա խնդիրները, որոնցից մեկը Մովսես Արիստակեսյանի կողմից մանդատ ստանալու կամ չստանալու խնդիրն է։ Չկա միասնական տեսակետ՝ ինչպես վարվել», - պարզաբանեց Սաֆարյանը։

Մովսես Արիստակեսյանը պատրաստվում է խմբակցությունում աշխատել այնպես, ինչպես վարչությունում էր աշխատում. - «Ես մշտապես իրենց բերում էի դեպի կուսակցության ծրագրի տառն ու ոգին, իսկ իրենք շեղվում էին։ Ես բերում էի՝ իրենք շեղվում էին, եւ վերջապես չհանդուրժեցին, ինձ հեռացրեցին»։

«Ժառանգություն» կուսակցությունից հեռացված մյուս անդամի՝ պատգամավոր եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանի հետ կապվել չհաջողվեց։

Հրայր Թովմասյանի մեկնաբանությամբ, կուսակցությունից Խաչատրյանի հեռացվելը նույնպես հիմք չէ խորհրդարանում նրա գործունեությունը դադարեցնելու համար։

«Ժառանգությունից» հեռացված Զոյա Թադեւոսյանը չի պարտաստվում հրաժարվել ԿԸՀ-ի իր տեղից


Հայաստան -- Զոյա Թադեւոսյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ով հեռացվել է «Ժառանգություն» կուսակցությունից
Կենտրոնական ընտրական հաձնաժողովում (ԿԸՀ) «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, ով նույնպես հեռացվել է կուսակցությունից, օրենքի համաձայն կարող է ԿԸՀ-ի անդամի պաշտոնում մնալ մինչեւ 2012 թվականը։ Թադեւոսյանը չի պատրաստվում հրաժարվել այդ պաշտոնից։

«Ես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավունքը վաստակել եմ եւ ես երբեք հրաժարական չեմ տա», - հայտարարեց Թադեւոսյանը։

Զոյա Թադեւոսյանի համոզմամբ, «Ժառանգությունը» այսպիսով կորցնում է կարեւոր կառույցում իր լծակները. - «Կորցրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ եւ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ։ Մենք դրսում պայքարելու ենք՝ ունենալով այն մարդիկ, ովքեր կլինեն ընտրատարածային ընտրական հանձնաժողովի անդամներ։ Իմ ընկերներն են. նրանք չեն ենթարկվելու «Ժառանգություն» կոչված այդ կուսակցությանը»։

«Ժառագություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով, այն, որ ընդդիմադիր կուսակցությունը հնարավորություն չունի վերահսկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իր ներկայացուցչին, գալիս է օրենքի «միտումնավոր անկատարությունից»։

Այդուհանդերձ, Խուրշուդյանի փոխանցմամբ, «Ժառանգություն»-ը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում իր վստահելի ներկայացուցիչներն ունի՝ անկախ Զոյա Թադեւոսյանից։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG