Մատչելիության հղումներ

Հանկարծամահ է եղել Նոր-Նորքի վարչական շրջանի ղեկավարը


Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը հանկարծամահ է եղել Երեւանի Նոր-Նորք համայնքի վարչական շրջանի ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Պետրոսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Նոր-Նորքի վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Խալաֆյանը, Դավիթ Պետրոսյանը հանկարծամահ է եղել Աղվերանում, ուր մեկ օրով մեկնել էր հանգստանալու:

«Առավոտյան շուտ է եղել [ժամը 5-6-ի սահմաններում], չեն հասցրել բժիշկ կանչել», - ասաց Խալաֆյանը:

«Մեզ հասած տվյալներով` ինֆարկտ, սրտի անբավարարություն, բայց չի բացառվում նաեւ ինսուլտի հետ կապված, որովհետեւ վերջերս մի քիչ ճնշումն էլ էր մինչեւ 180-190 բարձրանում», - նշեց նա` հավելելով. - «Լրիվ պարզ կլինի վաղը` օրվա երկրորդ կեսին»:

Խալաֆյանի վկայությամբ` սրտի հետ կապված լուրջ խնդիրներ Պետրոսյանը նախկինում չէր ունեցել. - «Վերջերս թոքաբորբ էր տարել, տանում էր ավելի ճիշտ, եւ մեկ-երկու անգամ ուղղակի ձեռքը դնելով սրտի շրջանակներում, ասում էր` «ոնց որ մի թեթեւ ծակում է սիրտս, բայց ոչինչ, կանցնի»:

Սեպտեմբերի 21-ին լրանալու էր Դավիթ Պետրոսյանի ծննդյան 43-ամյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG