Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանով. «Քննարկումներում կփորձենք հիմնավորել մեր տեսակետների ճշմարտությունը»


Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների առնչությամբ քաղաքական խորհրդակցությունները Հայաստանում կլինեն տարբեր ձեւաչափի: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Կարծում եմ, որ արդեն հիմա կա` մամուլի ակումբների կամ «կլոր սեղանների» ֆորմատը, բայց կարծում եմ, որ խորհրդակցություններ կլինեն նաեւ խորհրդարանի եւ խորհրդարանից դուրս խումբ-խմբակցությունների միջոցով, նաեւ արտգործնախարարությունը խորհրդարանում որոշակի խորհրդակցություններ կանի, այսինքն` խորհրդարանական ուժերը կարող են ավելի փակ պայմաններում ավելի լայն քննարկում իրականացնել», - ասաց Շարմազանովը` հավելելով. - «Եվ քանի որ նաեւ Հայաստանում հանրապետության նախագահ պարոն Սարգսյանը նոր մշակույթ մտցրեց, երբ կարեւորագույն հանրային քննարկումներ է կատարում, այսինքն` այս կամ այն կարեւորագույն հանրային մեծ հարցերի շուրջ նա արդեն երկու քննարկում արել է քաղաքական կուսակցությունների հետ, կոնսուլտացիաներ, կոնկրետ մեկը` Ղարաբաղի հետ կապված, մյուսը` համաշխարհային ճգնաժամի հետ կապված, չեմ բացառում, որ նմանատիպ որոշակի քննարկումներ լինեն, որովհետեւ այս հարցը շատ կարեւոր է»:

«Հենց նախագահ Սարգսյանն է իր խոսքում ասել, որ ինքը շատ է կարեւորում եւ խրախուսում քաղաքական քննարկումները եւ ոչ միայն քաղաքական, այդ թվում նաեւ հանրային քննարկումները, որտեղ կմասնակցեն ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները», - նշեց Հանրապետականի խոսնակը:

Խորհրդակցությունների արդյունքում արձանագրություններում ինչ-ինչ փոփոխությունների հնարավորության վերաբերյալ հարցին Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. - «Ես չեմ կարող դրա պատասխանը տալ, բայց ես կարծում եմ, որ քննարկումները իրենց արդյունքը կտան, բոլոր կողմերն էլ կարող են լսել մեկը մյուսին եւ հիմնավորել իրենց կարծիքը` խոսքը սրա մասին է»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով երեքշաբթի օրվանից կառավարության շենքի առջեւ հայ - թուրքական արձանագրությունների հարցով բողոքի ակցիաներ, այդ թվում նստացույց եւ հացադուլ անցկացնելու` Հայ հեղափոխական դաշնակցության մտադրությունը` իշխող կուսակցության խոսնակը ընդգծեց. - «Դա քաղաքական ակցիա է, դա Դաշնակցության եւ բոլոր քաղաքական ուժերի իրավունքն է` ինչպիսի ձեւով պայքարել, սակայն մենք չենք կիսում այն տեսակետը, որ ունի Հայ հեղափոխական դաշնակցությունը: Հանրապետականը իր տեսակետը ասել է, եւ այդ տեսակետը հստակ ներառված է այդ արձանագրությունների մեջ` դա Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, ինչը ներառված է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ, եւ հենց այդ քննարկումների մեջ մենք կփորձենք ներկայացնել եւ հիմնավորել մեր տեսակետների ճշմարտությունը»:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրություններով սահմանված է վեցշաբաթյա ժամկետ, որի ընթացքում երկու երկրներում պետք է ծավալվեն քաղաքական խորհրդակցություններ: Միաժամանակ, այդ տեքստում չի մանրամասնվում, թե ինչ ձեւաչափով է ենթադրվում նման խորհրդակցությունների ծավալումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG