Մատչելիության հղումներ

logo-print

Դատարանը մեղավոր ճանաչեց ընդդիմադիր երիտասարդին


«Հիմա» երիտասարդական շարժման անդամ Վահագն Գեւորգյանը դատարանի շենքի մոտ: 12-ը սեպտեմբերի, 2009թ.

«Հիմա» երիտասարդական շարժման անդամ Վահագն Գեւորգյանը դատարանի շենքի մոտ: 12-ը սեպտեմբերի, 2009թ.

Շաբաթ օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստ Վահագն Գեւորգյանին՝ նրան դատապարտելով մեկ տարվա ազատազրկման եւ տուգանքի՝ 80 հազար դրամ: Գեւորգյանը, սակայն, չի ազատազրկվի, քանի որ նրա նկատմամբ կիրառվեց Ազգային ժողովի հուլիսի 19-ի որոշմամբ ընդունված համաներումը:

Ընդդիմադիր երիտասարդը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի հանդեպ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եւ վիրավորելու` ուրիշի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականի ապրիլի 10-ին Հյուսիսային պողոտայում: Ըստ մեղադրական եզրակացության, Վահագն Գեւորգյանն ու իր ընկերը Հյուսիսային պողոտայում անբարո արտահայտություն են արել անցնող աղջիկների հասցեին, ինչը նկատել է այդտեղ ծառայություն կատարող ոստիկան Բագրատ Մանուկյանը, ում դիտողությանն ի պատասխան Վահագն Գեւորգյանը հայհոյել է նրան, ապա դիմադրություն է ցույց տվել, երբ ոստիկանները փորձել են բերման ենթարկել նրան:

Համաներումը ո'չ Վահագնին, ո'չ իր պաշտպան Վարդուհի Էլբակյանին չի գոհացնում, ու նրանք պատրաստվում են դիմել վերաքննիչ դատարան, ապաեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Արդարացում ձեռք եմ բերելու», - նիստից հետո ասաց Վահագն Գեւորգյանը: - «Իրոք ամոթալի է, որ այդ արդարացումը մենք բոլորս՝ ես, մյուս քաղբանտարկյալները, քաղաքական հայացքների համար հետապնդվողները, ձեռք ենք բերելու եվրոպական ատյաններում»:

Վարդուհի Էլբակյանը վստահեցրեց, որ եվրոպական դատական ատյաններում այս գործը միանշանակ այլ ընթացք ու վճիռ կունենա, քանի որ մարտիմեկյան դեպքերից հետո ընդունված թիվ 1608 բանաձեւի համաձայն` անընդունելի են համարվում միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա հարուցված քրեական գործերը:

Վահագն Գեւորգյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի որդին է: Դատավճռի հրապարակումից հետո Հայկ Գեւորգյանը լրագրողներին ասաց. - «Խամաճիկների թատրոն է սա... ինչ-որ մեկը վերեւից թելերով ուղղորդում է բոլոր քաղաքական դատավարությունները»:
XS
SM
MD
LG