Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում մեկնարկեց Դասական երաժշտության 3-րդ միջազգային փառատոնը


Ուրբաթ օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում բացվեց Դասական երաժշտության երրորդ միջազգային փառատոնը, որի առաջին համերգը նվիրված է մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70-ամյակին:

Հնչեցին Մանսուրյանի ինչպես վաղ շրջանի, այնպես էլ բոլորովին վերջերս գրված եւ այսօր առաջին անգամ ունկնդրին ներկայացվող ստեղծագործությունները:

Առաջին անգամ հնչեց «Երեք արիա Արարատին բացված պատուհանից» խորագրով կոնցերտը նվագախմբի եւ ալտի համար: Մենակատարը սփյուռքի մեր անվանի հայրենակից, ալտահար Կիմ Քաշքաշյանն է: Նա Հայաստանում չէր եղել շուրջ 15 տարի, եւ խորհրդանշական է, որ այդքան երկար բացակայությունից հետո Քաշքաշյանը հանդես է գալիս հենց այս ստեղծագործությամբ, որը իր խոսքով, «ասես ոչ թե երաժշտություն է, այլ ճարտարապետություն»:

«Իհարկե, սրանք [տարբեր տարիների գրված ստեղծագործությունները] ունեն ե'ւ ընդհանրություններ, ե'ւ տարբերություններ», - ասաց մաեստրո Մանսուրյանը: - «Այդ կապը, որ ես ունեցա նվագախմբի հետ եւ Կիմ Քաշքաշյանի հետ, իմ երջանկությունն է»:

Դասական երաժշտության երեւանյան միջազգային փառատոնի նախաձեռնությունը, ինչպես հայտնի է, պատկանում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանին՝ թավջութակահար Արամ Թալալյանի հետ միասին:

Այս տարի եւս երեւանյան երաժշտասերները շուրջ երկու ամիս հնարավորություն կունենան ունկնդրելու հրաշալի երաժիշտների:

«Օրինակ, Նատալյա Գուտմանի գալստյան ուղղությամբ մենք աշխատել ենք 3 տարի», - ասաց Թոփչյանը: - «Ջուզեպե Ջակոմինին է գալու Երեւան: Ոնց որ Պավարոտին կամ Դոմինգոն գար: Ամսի 4-ին Ֆիլհարմոնիկի հետ է երգելու: Աշխարհի երեւի համար մեկ կլարնետիստն է գալու՝ Վոլֆգանգ Մայերը, համար մեկ վալտորնիստն է գալիս՝ Ռադովան Վլադկովիչը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG