Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը սեպտեմբերի 18-ից սկսում է հանրահավաքների շարք


Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում հանրահավաքում: 2-ը հուլիսի, 2009 թ.
Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում հանրահավաքում: 2-ը հուլիսի, 2009 թ.

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքի համակարգող Լեւոն Զուրաբյանը ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում «ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 18-ին անցկացվելիք հանրահավաքին, որը «ազդարարելու է բռնապետության դեմ մղվող համաժողովրդական պայքարի նոր ալիքի սկիզբը»: Հանրահավաքները, որոնք արտոնվել են Երեւանի քաղաքապետարանի կողմից, շարունակվելու են մինչեւ սեպտեմբերի 24-ը:

«Երկրում իշխանությունը բռնազավթած ռեժիմը օրեցօր ցուցադրում իր տարրական անկարողությունը եւ ոչ-կոմպետենտությունը պետական կառավարման բոլոր կենսական բնագավառներում», - ասված է հայտարարությունում, որում Զուրաբյանը անդրադարձել է իշխանությունների վարած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը:

Ըստ այդմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններում տեղ գտած դրույթները ցույց են տալիս, որ «Հայաստանը իրականում ընդունել է Թուրքիայի նախապայմանները»:
Մասնավորապես, պատմական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծմամբ «կդադարեցվի Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը». - «Հայաստանը, սակայն, Հայոց ցեղասպանության ուրացման անընդունելի գնով անգամ, ստանում է միայն թղթի վրա խոստումներ սահմանը բացելու մասին:

«Ռեժիմը տեղի է տվել նաեւ Թուրքիայի կողմից ներկայացվող մեկ այլ նախապայմանի կատարման պահանջին. աննախադեպ երկկողմանի հատուկ պայմանագրով սահմանների անձեռնմխելության եւ տարածքային ամբողջականության ճանաչմանը: Մինչդեռ, մի կողմից՝ Հայաստանը նման հավելյալ քայլի դիմելու կարիք չուներ, քանի որ անդամակցելով ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին ընդունել է միջազգային իրավունքի այդ հիմնարար սկզբունքները, եւ, մյուս կողմից, չգիտես ինչու, արձանագրություններում հիշատակված չէ միջազգային իրավունքի մեկ այլ հիմնարար սկզբունք՝ ազգերի ինքնորոշման իրավունքը», - հայտարարել է Զուրաբյանը՝ եզրափակելով. - «Այսպիսով ռեժիմի պնդումները այն մասին, թե իբր նրան հաջողվել է առանց նախապայմանների համաձայնության հասնել Թուրքիայի հետ, եւ մասնավորապես՝ տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծումից, անկհայտ կեղծիք են»:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց, որ իշխանությունները «չունենալով ներքին լեգիտիմություն՝ փորձում են այդ լեգիտիմությունը գտնել դրսում»:

«Երբ Սերժ Սարգսյանը փորձում է արդարացնել հայ-թուրքական արձանագրությունների հրապարակման փաստը եւ իր համաձայնությունը այս արձանագրություններին, ինքը բերում է այն օրինակը, որ ամբողջ աշխարհը ծափահարում է հիմա Հայաստանի ղեկավարությանը: Այսինքն՝ նրա համար ավելի կարեւոր են աշխարհի ծափահարությունները, քան սեփական ժողովրդի ծափահարությունները»:

Ընդդիմությունը կասկածներ ունի, որ իշխանությունները պատրաստ են նույնքան անընդունելի գործարքների գնալ նաեւ Ղարաբաղի հարցում: Կոնգրեսի համակարգողի համոզմամբ, թեեւ Սերժ Սարգսյանը փորձում է համոզել, որ այս արձանագրություններում Ղարաբաղի հարցը տարանջատված է հայ-թուրքական հարաբերություններից, իրականում դա այդպես չէ, քանի որ Թուրքիայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. մինչեւ չկարգավորվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ հինգ շրջանները չազատվեն հայկական զորամիավորումներից, Թուրքիան չի բացելու սահմանները եւ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ:

«Այլ հարց է, որ եթե մեր կասկածները արդարանան, եւ պարզ լինի, որ մոտ ժամանակներս Հայաստանը անհարկի զիջումների է գնալու նաեւ Ղարաբաղի հարցում, այո, վստահաբար կարող եմ ասել, որ Թուրքիան կգնա սահմանի բացմանը», - ասաց Զուրաբյանը:

Ինչպես ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, ով սեպտեմբերի 8-ին հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին իրազեկումները ներկայացրել էր Երեւանի քաղաքաքապետարան, սեպտեմբերի 18-ից սկսած 6 օր զանգվածային միջոցառումները Մատենադարանին հարող տարածքում արտոնվել են: Միջոցառումները կմեկնարկեն հանրահավաքով եւ կավարտվեն երթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG