Մատչելիության հղումներ

«Հանրապետության» ղեկավար անդամը դրական է գնահատում նախաստորագրված արձանագրությունները


Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանց

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր միավորման մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ընդհանուր առմամբ դրական է գնահատում հայ - թուրքական հարաբերություններին առնչվող երկու նախաստորագրված արձանագրությունները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սուրենյանցը նշեց, որ այդ արձանագրություններում ներառված դրույթների կենսակոչումը հնարավորություն կտա նորմալացնել Հայաստան - Թուրքիա հարաբերությունները` դիվանագիտական կապերի հաստատման եւ հետագա համագործակցության զարգացման տեսքով:

Արձանագրությունների առնվազն տեքստը, Սուրենյանցի կարծիքով, որեւէ էական վտանգ չի պարունակում. - «Նորմալ արձանագրություններ են, եւ արձանագրությունների բովանդակության հետ կապված առանձնապես վերապահումներ չունեմ»:

Բոլորովին այլ խնդիր է, նրա խոսքերով, որ հիշյալ արձանագրությունները չեն կարող լիարժեքորեն կյանքի կոչել Հայաստանի ներկայիս իշխանությունները. - «Իշխանության որակը, համակարգը վատն է, եւ ես կասկածում եմ, որ նման արատավոր համակարգով մենք կարող ենք լուծել այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին հայ - թուրքական հարաբերությունների խնդիրն է»:

«Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկա շաբաթներին այս հարցը Հայաստանում հանգեցնի ներքաղաքական ճգնաժամի», - այս հարցին Սուրենյանցը պատասխանեց. - «Քաղաքական վերադասավորումների` միգուցե»:

Դա, ըստ նրա, մասնավորապես, նշանակում է, որ նախաստորագրված արձանագրությունների կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ կառաջանա հստակ բաժանարար գիծ:

Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, մտահոգություն էր արտահայտված պատմաբանների ենթահանձնաժողովի ձեւավորման կապակցությամբ: Ըստ այդմ, նշվում էր, թե դրանով կասկածի տակ է առնվում Հայոց ցեղասպանության փաստը:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամը, մինչդեռ, այս հարցում եւս առանձնապես որոգայթներ չի տեսնում: «Ես մի քիչ այլ կարծիք ունեմ. եթե մենք գիտական փաստարկված մոտեցումներ ունենք, ճիշտ հակառակը` կարող է նպաստել ցեղասպանության ճանաչմանը», - ընդգծեց Սուրենյանցը:

Իսկ թե ինչպե՞ս դա կարող է նպաստել միջազգային ճանաչմանը` ըստ Սուրենյանցի, այդ հարցում կարող է դրական դեր խաղալ ենթահանձնաժողովում միջազգային փորձագետների ու պատմաբանների ներգրավման հանգամանքը: Ավելին, «Հանրապետության» քաղխորհրդի անդամի համոզմամբ, «սա հրաշալի շանս է, որպեսզի մեր փաստարկները միջազգային ճանաչում ունենան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG