Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 11-ի մամուլ


«Ազգ»-ը խմբագրականում գրում է. - ««Ժառանգություն» կուսակցության մեջ օրերս բացահայտված սկանդալներից ամենածանրակշիռը, միաժամանակ ամոթալին այն է, որ ներքին ընտրություններումՙ խորհրդարանում կուսակցության ընտրացուցակի տեղերը որոշելիս, թույլ են տրվել աղաղակող օրինախախտումներ, զեղծումներ: Անգամ որոշ անդամների կուսակցությունից վտարման որոշումը կայացել է կանոնադրության խախտմամբ ու ենթակաների բացակայությամբ: Փաստորեն, կուսակցությունը, որի ներկայացուցիչները միշտ գերզգայնություն են դրսեւորել ընտրակեղծիքների, նախընտրական ու հետընտրական օրինախախտումների նկատմամբ, հանուն արդարության պայքար են մղել խորհրդարանում, ընտրական հանձնաժողովներում եւ այլուր, բարձրաձայնել դեմոկրատական արժեքների եւ մարդու իրավունքների ոտնահարման դեմ, նույն, չարամետ խախտումներն են գործել կուսակցության ներսում, ջարդուփշուր անելով մի օր մեր երկրում կատարելապես արդար եւ օրինակելի ընտրություններ ունենալու մեր հույսերը»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ ժամանակին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հատուկ կարծիք էր ներկայացրել կուսակցության վարչությանը. - «Զարուհի Փոստանջյանի դիմումից պարզ է դառնում, որ վարչության ընտրության ժամանակ, բացի կեղծված 54 քվեաթերթիկներից, հայտնաբերված եւս 20 կեղծ քվեաթերթիկների համար ամենախիստ եղանակով պատժվել են դիտավորություն չունեցող անձինք, որ ղեկավարության թելադրանք են կատարել: Այս ամենի առանցքում Արմեն Մարտիրոսյանն է»: Երեկ թերթին Զարուհի Փոստանջյանի կարծիքը «Ժառանգություն»-ում ծավալված վերջին զարգացումների վերաբերյալ ստանալ չի հաջողվել, քանի որ նա Հայաստանում չէ: Իսկ Արմեն Մարտիրոսյանը Փոստանջյանի նույն զեկուզագրի կապակցությամբ ասել է. - «Ես խնդիր չունեմ, կարող եք դա տպագրել: Զարուհին կգա, ինքը կխոսի այդ մասին... Բայց այնպես չէ, որ դրա համար իմ գլուխը շոյել են: Ես նկատողություն եմ ստացել, որ պատշաճ ուշադրություն չեմ կարողացել դարձնել»:

«Իրավունք»-ը զրուցել է ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ: Հովհաննիսյանը ասում է. - ««Ժառանգության» «հասունության» մասին, կարծում եմ, վկայում են վերջին իրադարձությունները, որոնք, իմիջիայլոց, ես ողջունում եմ, քանի որ կուսակցության ինքնամաքրումը կփրկի «Ժառանգությանը»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի արբանյակը լինելուց: Իսկ թե Տեր-Պետրոսյանն ում արբանյակն է եւ ում շուրջ է պտտվում իր այդ ամբողջ ՀԱԿ կոչվող կոնգլոմերատի հետ, կարծում եմ՝ նույնպես գաղտնիք չէ (առանցքը նույնիսկ Հայաստանից դուրս է): Իսկ ՀՅԴ-ն ոչ մեկի արբանյակը չի եղել, երբ նույնիսկ կոալիցիայի մեջ էր, իսկ այն ուժերը, որոնք մտահոգ են եւ ցանկանում են մեզ հետ համագործակցել, բնական է, պետք է գնան համապատասխան քայլերի... Մենք պետք է աշխատենք այսօրվա իշխանությունների հետ եւ միայն ամբողջական անհաջողության պարագայում կարող ենք անցնել հաջորդ փուլ: Մեր խնդիրը ոչ թե այս արձանագրությունների ի հայտ գալու փաստն օգտագործելն է որպես իշխանափոխության առիթ, այլ հակառակը՝ մենք պետք է իշխանությունների վրա օգտագործենք ժողովրդի եւ հասարակության ճնշումը, որպեսզի այդ փաստաթղթերը դառնան ավելի հայանպաստ»:

Այս բոլոր զարգացումների վերաբերյալ եզրահանգում է արել lragir.am-ը. - «Տվյալ դեպքում գլխավոր եզրակացությունը թերեւս այն է, որ «ֆորմատը մեռավ»: Այսինքն, «Ժառանգություն» - Դաշնակցություն - Հայ ազգային կոնգրես գործակցության ֆորմատը, որի հնարավորության մասին խոսվում էր վերջին շաբաթներին, եւ որը թերեւս բավական շոշափելի նախադրյալներ կարծես թե ստացավ հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումից հետո, կարծես թե բավական հեռացավ իրականություն դառնալու հեռանկարից, քանի որ «Ժառանգություն»-ն իր ներքին խնդիրները կարծես թե փորձեց արդարացնել Հայ ազգային կոնգրեսին ուղղած որոշակի թափանցիկ ակնարկներով ու մեղադրանքներով: Թե որքանով են դրանք արդարացի, այլ խնդիր է: Փաստն այն է, որ երեք ուժն էլ չդրսեւորեցին գործակցելու անկեղծ ցանկություն: Բայց դրանից, իհարկե, պետք չէ ողբերգություն սարքել եւ պետք չէ համարել, որ եթե «ֆորմատի» հեռանկարը դարձավ ավելի մշուշոտ, ապա ամեն ինչ կորած է եւ իշխանության դեմ այլեւս խաղ չկա: Ի վերջո, եթե հաջողությունը ոգեւորում է, ապա անհաջողությունը ստիպում է մտածել եւ նայել բաների, որոնց վրա հաջողության ընթացքում ուշադրություն, որպես կանոն, չեն դարձնում: Քաղաքականության մեջ երբեմն հասարակությանն ավելի մեծ ծառայություն մատուցում են չեղած բաները, քան եղածը»:

«Ժամանակ» թերթում հոդված է հրապարակել Մարտի 1-ի հանրային հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Նա ասում է. - «Հարց է առաջանում՝ Նիկոյանի հանձնաժողովը փորձե՞լ է փաստերի պարզաբանման ուղղությամբ ուսումնասիրություններ կատարել մինչ հայտարարելը, որ հանձնաժողովին չի հաջողվել պարզել սպանությունների հանգամանքը: Ծագում է եւս մեկ հարց՝ ի՞նչ էին անում հանձնաժողովի այն անդամները, որոնք հրապարակային խոսում էին իրենց անկողմնակալ լինելու, զեկույցը անաչառ դարձնելու իրենց նպատակների մասին: Եվս մեկ հարց՝ ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանը, ՀՅԴ-ն եւ ՄԱԿ-ը գնացին հանձնաժողով՝ օգնելու պարտակելո՞ւ Մարտի 1-ի սպանությունները: Առանց սպանության յուրաքանչյուր դեպքի բացահայտման՝ Մարտի 1-ի խնդիրը չի հանգուցալուծվի, իսկ հանձնաժողովի, այսօր հստակ կարելի է ասել՝ «Նիկոյան եւ ընկերներ» խմբի զեկույցը գրոշ չարժե: Կարծում եմ, որ նկատվող այն միտումը, որ փորձ է արվելու չբացահայտումը բարդել Հատուկ քննչական ծառայության վրա, շատ վտանգավոր է: Դա հանձնաժողովը կարող էր անել այն դեպքում, եթե նախաքննության թերացումների մասին հանձնաժողովը հնչեցրած լիներ: Նման բան չի եղել, հետեւաբար ՀՔԾ-ն եւ հանձնաժողովը գործել են տանդեմով եւ համաձայնեցված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG