Մատչելիության հղումներ

logo-print

Լուծարված Փաստահավաք խմբի անդամը նոր փաստեր է ներկայացնում «Մարտի 1»-ի հանձնաժողովին


Հինգշաբթի նախկին Փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին է ուղարկել մարտի 1-ի երեկոյան ժամը 4-5-ի միջակայքում Կառավարության շենքին հարող Մելիք-Ադամյան փողոցում արված մի լուսանկար:

Լուսանկարում երեւում են զինվորական բեռնատարներ, որոնց բեռնախցիկներում նստած են զինվորական համազգեստով, զինված մարդիկ:

«Լուսանկարը շատ ծավալուն ինֆորմացիա է պարունակում։ Ուրախ կլինեմ, որ կազմեն խումբ եւ պարզեն, թե այս լուսանկարում երեւացող՝ ինքնաձիգերով զինված մարդիկ ովքեր են, որովհետեւ մենք չենք կարողացել պարզել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Քոչարյանը։

«Ոստիկանությունը չէր կարող լինել, որովհետեւ ոստիկանությունը, ըստ մեր տեղեկությունների, ինքնաձիգերը ստացել է երեկոյան ժամը 6-ին, իսկ լուսանկարում հստակ երեւում է, որ լուսանկարված է ժամը 4-5-ի միջակայքում, - պարզաբանեց նախկին Փաստահավաք խմբի անդամը, շեշտելով, որ Փաստահավաք խմբի բոլոր ջանքերը՝ պարզելու լուսանկարում երեւացող անձանց ինքնությունը, անարդյունք են անցել։

Երեկ խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքային խումբը հայտարարեց, թե ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կողմից հրապարակված փաստաթղթում բերված տվյալները, որոնց համաձայն Պաշտպանության նախարարության պահեստից զինվորական հանդերձանք է տրամադրվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ խոշոր գործարարների՝ ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու եւ մարտի 1-ին ընդդիմադիրների դեմ գործողություններին մասնակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում։

Անդրանիկ Քոչարյանը, սակայն, վստահ է, որ աշխատանքային խմբի իրականացրած ստուգումները լիարժեք չեն եղել. - «Ես տեսնում եմ, որ ընդամենը մեկ գործողություն է իրականացվել։ Նայել են մատյաններ եւ համարել են դա ավարտված։ Կարծում եմ դա քիչ էր։ Վերջին հաշվով, այսպիսի հնչողություն ստացած տեղեկատվությունը պետք է ավելի մեծ ստուգումների տեղիք տար»։

Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական հանձնաժողովից ակնկալում է իրենց կողմից ուղարկված եւ ուղարկվելիք նյութերի լիարժեք եւ մանրամասն ուսումնասիրություն։ Հակառակ դեպքում, ըստ նախկին Փաստահավաք խմբի անդամի, հանձնաժողովի առաջիկա զեկույցից դժվար է լուրջ բացահայտումներ ակնկալել։
XS
SM
MD
LG