Մատչելիության հղումներ

Հայաստանի ազգային արխիվին ու Պատմության թանգարանին հանձնվեցին Անդրանիկին ու Գարեգին Նժդեհին վերաբերող փաստաթղթերի պատճենները


Հայաստանում Բուլղարիայի դեսպան Տոդոր Ստայկովը (ձախից) եւ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Հայաստանում Բուլղարիայի դեսպան Տոդոր Ստայկովը (ձախից) եւ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոդոր Ստայկովը հինգշաբթի օրը Հայաստանի ազգային արխիվին ու Պատմության թանգարանին հանձնեց Անդրանիկ Օզանյանի եւ Գարեգին Նժդեհին վերաբերող Բուլղարիայում պահպանված փաստաթղթերի պատճենները:

Հանձնելով հայ ազգային հերոսների կյանքին ու գործունեությանը վերաբերող փաստաթղթերի պատճենները Հայաստանի ազգային արխիվի եւ Պատմության թանգարանների տնօրեններին՝ Ստայկովը ասաց. - «Սկզբունքորեն արխիվները չեն սիրում իրենց փաստաթղթերի պատճենները հանձնել այլ կազմակերպությունների, որովհետեւ դրանք յուրաքանչյուր ժողովրդի պատմական հիշողության մի մասն են եւ պետք է դրանք պահպանել հետագա սերունդների համար: Իսկ ահա Բուլղարիայի անկախության համար առանձին հայ կամավորական գնդով մարտնչած ձեր ազգային հերոսներին առնչվող փաստաթղթերի այս պատճենները մենք հաճույքով ենք հանձնում ձեզ, քանի որ դրանք վերաբերում են մեր երկու ժողովուրդների պատմությանը»:

Բալկանյան պատերազմների տարիներին՝ 1912-13 թվականներին Անդրանիկ Օզանյանի գլխավորած հայ կամավորական ջոկատը կռվել է Թուրքիայի դեմ եւ արժանացել բուլղարական տարբեր պարգեւների: Գարեգին Նժդեհը, ով այդ տարիներին Անդրանիկի տեղակալն էր, 1921-ից մինչեւ 1944 թվականը ապրել է Բուլղարիայում:

«Փաստաթղթերը, որոնք մենք հիմա ունենք, վերաբերում են թե Զորավար Անդրանիկի, թե Նժդեհի գործունեությանը Բուլղարիայում: [Դրանցում] մանրամասն նկարագրություններ կան ռազմական այն գործողությունների, որոնց մասնակցել են հայ կամավորականները», - իր հերթին ասաց Բուլղարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասերյանը:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը ասաց. - «Ազգային հերոսների կենսագրության յուրաքանչյուր մանրամասն հայ ժողովրդի պատմությանն առնչվող արժեքավոր վավերագրեր են: Փաստորեն այս նվիրատվությամբ մեր պատմության գրքի մեջ եղած շատ ու շատ բաց էջեր կլրացվեն»:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով, երկու երկրիների արխիվների միջեւ համագործակցության մասին պայմանագիրը կնքվել է անցյալ տարի: Նա հավելեց, որ մեր Մատենադարանում պահպանվում են բուլղար ժողովրդի պատմությանն առնչվող բազմաթիվ ձեռագրեր ու արխիվային նյութեր:

«Նրանց հետաքրքրությունն է Մատենադարում պահվող այդ նյութերը, մեր հետաքրքրությունը, բացի սրանից՝ առաջին համաշխարհային պատերազմը, Հայոց ցեղասպանություն եւ մեծ քանակության այլ փաստաթղթեր, որ կան Բուլղարիայի արխիվներում», - հավելեց Վիրաբյանը:

Զորավար Անդրանիկին եւ Գարեգին Նժդեհին վերաբերող կարեւոր փաստաթղթերի հանձնման արարողությանը ներկա չէր հայաստանյան որեւէ քաղաքական գործիչ: Պարզվեց, սակայն, որ նրանց չեն զգուշացրել, քանի որ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Մշակույթի նախարարությունից, արխիվային այս նյութերի ցուցադրությունից հետո առանձին միջոցառում է կազմակերպվելու, որին էլ հրավիրվելու են կուսակցությունների ներկայացուցիչները:

«Մենք մտածեցինք, որ լինի փոքր եւ ավելի կամերային ներկայացուցում, դրա համար քաղաքական գործիչները ներկա չեն», - ասաց Մշակույթի նորանշանակ փոխնախարար Արեւ Սամուելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG