Մատչելիության հղումներ

Բիշարյանը որեւէ մտահոգիչ դրույթ չի տեսնում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում


«Օրինաց երկիր» կուսակցությունը որեւէ մտահոգիչ դրույթ չի տեսնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններում։ «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ փաստաթղթում որեւէ կետ չկա, որին իրենք դեմ լինեն։

Բիշարյանը տարակուսանք հայտնեց պատմական խնդիրներով զբաղվելիք ենթահանձնաժողովի շուրջ բարձրացած բողոքի ալիքի առիթով։

«Ես կասեի, որ ենթահանձնաժողովները կնպաստեն, որ մենք նրանց միջոցով ուսումնասիրենք այն ամբողջ հնարավորությունը, ինչ այսօր Հայաստանում կա՝ օրինակ ցեղասպանության հետ կապված», - նշեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը։

«Մենք ունենք թանգարան, մենք ունենք պատմություն, մենք ունենք պատմաբաններ, բազմաթիվ պատմական գրքեր, փաստեր, որոնցով մենք կարող ենք այդ ենթահանձնաժողովների միջոցով հստակ ապացուցել։ Ես օրինակն եմ ուղղակի բերում հենց ցեղասպանության հետ կապված», - պարզաբանեց Բիշարյանը։

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը չի կիսում Հայ հեղափոխական դաշնակցության հնչեցրած մտահոգությունը, թե հրապարակված արձանագրություններում շոշափվում է նաեւ Ղարաբաղի խնդիրը։
«Աջակցելու ենք երկրի նախագահին, որ ինքը լուծի հայ - թուրքական սահմանի բացման խնդիրը...

«Դրա հիմքերը չեմ տեսնում։ Որեւէ տեղ, արձանագրության որեւէ հոդվածում չի խոսվում Արցախի խնդրի մասին», - շեշտեց Բիշարյանը։

Բիշարյանը գտնում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան այցով մեկնի Թուրքիա՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու՝ հավելելով, թե դա նախագահը պետք է որոշի։

«Եթե իրենք եկել են, մենք էլ պետք է գնանք, եթե մենք միտված ենք հարաբերությունների կարգավորմանը», - համոզմունք հայտնեց Բիշարյանը։

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարը չի կիսում մտահոգությունները, թե նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին եւ ներքին ճնշումների պատճառով է փորձում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։

«Ես չեմ կարծում, որ նման ճնշումներ կան։ Ընդհակառակը, բոլոր նախագահները շարունակաբար ուզեցել են սա անել [բացել սահմանը]։ Հիմա եկել է մի շրջան, որ ստացվում է։ Այստեղ ուղղակի բարի կամքի, համարձակության կարիք եմ տեսնում, որը երեւում է այս նախագահի կատարած քայլերից», - ասաց Բիշայանն ու խոստացավ. - «Աջակցելու ենք երկրի նախագահին, որ ինքը լուծի այդ խնդիրը եւ, փառք Աստծո, որ կոալիցիան այդպես մտածում է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG