Մատչելիության հղումներ

Ուգո Չավես. «Վենեսուելան ճանաչում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը»


Վենեսուելան ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, - այսօր Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ անցկացրած բանակցությունների ընթացքում հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը արդեն հայտարարել է, որ «ցանկանում է ողջ աբխազ ժողովրդի անունից հայտնել իր երախտագիտությունը Չավեսին` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման համար՚, հավելելով, որ առաջիկայում ՙնպատակ ունի ամենամտերիմ տնտեսական հարաբերությունները զարգացնել Վենեսուելայի հետ»:

Վրաստանից անջատված երկու միավորների անկախությունը մինչ այժմ ճանաչել էին միայն Ռուսաստանը եւ Նիկարագուան։

Կրեմլում Չավեսը բանակցում է էներգետիկայի, ինչպես նաեւ ռազմական բնագավառներում համագործակցության հարցերի շուրջ։ Նա ասել է, որ ի պատասխան Միացյալ Նահանգների եւ Կոլումբիայի ռազմական համագործակցության ընդարձակման` Վենեսուելան մտադիր է գնել ռուսական արտադրության տասնյակ տանկեր։

«Ռոյթըրզ» գործակալության փոխանցմամբ, պաշտոնական Թբիլիսիի արձագանքը չի ուշացել. - «Չավեսն այդ որոշումն ընդունել է ռուսների ճնշման տակ եւ այն լեգիտիմություն չի հաղորդում երկու խամաճիկային երկու վարչակարգերին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG