Մատչելիության հղումներ

Արսենյան. «ՊՆ-ի թիկունքի ծառայությունը կապ չի ունեցել մարտիմեկյան իրադարձությունների հետ»


Հայաստան -- Ընդդիմության ներկայացրած ցուցակը՝ ՊՆ թիկունքի վարչության իրային պահեստից կատարված հատկացումների վերաբերյալ, արխիվ
Հայաստան -- Ընդդիմության ներկայացրած ցուցակը՝ ՊՆ թիկունքի վարչության իրային պահեստից կատարված հատկացումների վերաբերյալ, արխիվ

Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային խումբը Պաշտպանության նախարարության թիկունքի վարչության իրային պահեստ կատարած երեկվա այցելության արդյունքում եզրակացրել է, «Հայաստանի պաշտպանության նախարարության թիկունքի ծառայությունը որեւէ կապ չի ունեցել մարտիմեկյան իրադարձությունների հետ»։

Միացյալ աշխատավորական կուսակցության (ՄԱԿ) ղեկավար Գուրգեն Արսենյանը չորեքշաբթի այս մասին հայտարարեց հանձնաժողովի նիստում։ Խորհրդարանական հանձնաժողովի անդամներ Գուրգեն Արսենյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ու «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը կազմել էին այն աշխատանքային խումբը, որը այցելել էր իրային պահեստ։ Խմբի նպատակն էր՝ պարզել, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների հրապարակած ցուցակը, որը նրանց տրամադրել էր Հայ ազգային կոնգրեսը։ Ցուցակում հրապարակված էին այն 9 պաշտոնյաների եւ խոշոր գործարարների անունները, ովքեր, ընդդիմադիրների պնդմամբ, մարտի 1-ին այդ պահեստից ստացել էին «950 զինվորական կոստյում եւ 140 գլխարկ»՝ ապօրինի զինված խմբավորումներ կազմելու եւ ընդդիմադիրների դեմ գործողություններին մասնակցելու համար։

Գուրգեն Արսենյանը եւ Արտյուշա Շահբազյանը հայտարարեցին, որ մարտի 1-ին Պաշտպանության նախարարության պահեստներում ընդհանրապես գույքի շարժ չի եղել։ Արսենյանը պնդեց, որ Փաստահավաք խմբի նախկին անդամների հրապարակած փաստաթղթերում նշված զորամասը փետրվարի 24-ից մինչեւ մարտի 4-ը ստացել է միայն սրբիչներ եւ մահճակալ։

«Այն, ինչ որ գրված է՝ այդ տիպի հանդերձանք, այդ քանակով՝ չի եղել», - հայտարարեց ՄԱԿ-ի ղեկավարը։

Ի տարբերություն Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների, որոնք անակնկալ էին այցելել իրային պահեստ ստուգումների եւ իրենց բնորոշմամբ` հանդիպել էին «ծրագրված խոչընդոտների», խորհրդարանական հանձնաժողովի խմբի այցը նախապես համաձայնեցված է եղել։ Խումբը 4 ժամ է անցկացրել պահեստներում։ Ամբողջ ընթացքում նրանց ուղեկցել է Պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության իրային ապահովման վարչության պետի տեղակալը։

Գուրգեն Արսենյանն ու Արտյուշա Շահբազյանը բացառեցին գրանցամատյանների ու կարգադրագրերի կեղծման հնարավորությունը։

«Գրանցամատյանները համարակալված էին, կնքված եւ թելով ամրակապված, որը հնարավորություն չի տալիս միջից էջ հանել», - նշեց Արսենյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս են բացատրում ՀԱԿ-ի հրապարակած փաստաթղթի գոյությունը, Գուրգեն Արսենյանը պատասխանեց. - «Կարող է ՀԱԿ-ին էլ են թյուրիմացության մեջ գցել։ Կարող է պրովոկացիա է՝ ուզեցել են ՀԱԿ-ի աղբյուրներով վարկաբեկել բանակին»։

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ, «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին նույնպես առաջարկվել էր ընդգրկվել աշխատանքային խմբի կազմում եւ գնալ իրային պահեստները ստուգելու։ Կարապետյանը, սակայն, հրաժարվել էր՝ հայտարարելով. - «Եթե ստուգումների արդյունքում ինչ-որ բան գտնեք, ուրեմն այս երկրում ինչ-որ բան փոխվել է»։

Հանձնաժողովի այսօրվա նիստում, Գուրգեն Արսենյանի ելույթից հետո, Կարապետյանը տեղից արձագանքեց. - «Համոզվեցի՞ք, որ երկրում ոչինչ էլ չի փոխվել»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կարապետյանը տարակուսանք հայտնեց, թե՝ «եթե ամեն ինչ այսքան մաքուր էր, ինչո՞ւ Փաստահավաքի ընդդիմադիր անդամներին այն ժամանակ թույլ չտվեցին ստուգել»։

Կարապետյանի կարծիքով, Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների հրապարակած փաստաթղթերը գոյություն ունեն եւ «ինչ-որ մի օր ինչ-որ մի տեղից ի հայտ կգան»։

Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինչպես Փաստահավաքի նախորդ զեկույցներում առկա հարցադրումները, այնպես էլ այս զեկույցի հարցադրումները ներառելու են հանձնաժողովի հաջորդ շաբաթ հրապարակվելիք զեկույցում։

«Այսինքն, ոչ թե ամբողջությամբ իրենց զեկույցն ենք տեղադրում, այլ հարցադրումները եւ պատասխանները», - հստակեցրեց Նիկոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG