Մատչելիության հղումներ

Ըստ ՀԲ-ի զեկույցի, Հայաստանում բարելավվել են գործարարության պայմանները


Չորեքշաբթի օրը հրապարակված «Գործարարության 2010» զեկույցի համաձայն, բիզնես վարելու դյուրինության եւ պայմանների մատչելիության առումով Հայաստանը աշխարհի 183 երկրների շարքում այս տարի գրավել է 43–րդ հորիզոնականը եւ 7 կետով բարելավել դիրքերը նախորդ տարվա համեմատ։

Ուսումնասիրության հեղինակները` Համաշխարհային բանկի (ՀԲ) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի փորձագետները, դիտարկել են բիզնեսի իրականացման տասը հիմնական չափորոշիչներ` նոր գործ սկսելու համար պահանջվող ժամանակից ու անհրաժեշտ փաստաթղթերից մինչեւ ներդրողների իրավունքների պաշտպանությունն ու հարկերի հավաքագրումը, եւ փորձել են պարզել` ինչ առաջընթաց ու նահանջ են արձանագրում երկրները ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում։

Ըստ այդմ՝ Հայաստանը անցած տարվա ընթացքում բարեփոխել է երեք ոլորտ. առավել հեշտ են դարձել նոր գործ սկսելու ընթացակարգերը, վարկեր ստանալն ու սահմանային առեւտուրը։

Փորձագետները, մասնավորապես, դրական են գնահատել այն փաստը, որ անցած տարվա ընթացքում կրճատվել է բիզնես սկսելու համար պահանջվող ժամանակահատվածը, այժմ արդեն Հայաստանում նոր գործ սկսելու համար նվազագույն կապիտալի առկայությունը պարտադիր պայման չէ, վերացել է նաեւ ընկերության կնիքը պատրաստելու համար ոստիկանությունից հավանություն ստանալու անհրաժեշտությունը։

Բարելավվել է նաեւ վարկային տեղեկատվության մատչելիությունը: Ստեղծվել է, մասնավորապես, իրավական դաշտ` վարկային գործակալությունների գործունեության համար, ինչպես նաեւ կանոնակարգվել է վարկային տեղեկատվության հավաքագրումը։

Տարվա ընթացքում, ըստ զեկույցի, ավելի դյուրին է դարձել նաեւ սահմանային առեւտուրը, քանի որ խրախուսվել է մրցակցությունը միջնորդ ծառայությունների միջեւ, կրճատվել է զննում պահանջող ապրանքների եւ մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի թիվը։

Ընդհանուր առմամբ, դիտարկված տասը չափորոշիչներից Հայաստանը ամենալավ արդյունքն արձանագրել է սեփականության գրանցման, ամենավատ արդյունքը` հարկահավաքության ոլորտում։

Զեկույցի համաձայն, մասնավորապես, 183 երկրների շարքում սեփականության գրանցման դյուրինության առումով Հայաստանը հինգերորդն է. նոր սեփականություն գրանցելու համար, մասնավորապես, Հայաստանում ձեռներեցը, օրենսդրության համաձայն, պետք է 3 պետական ատյանով անցնի եւ ծախսի 4 օր ժամանակ։ Համեմատության համար նշենք, որ Ուկրաինայում, օրինակ, նույն գործընթացի համար գործարարից կպահանջվի քսան անգամ ավելի շատ ժամանակ։

Փոխարենը Հայաստանը լուրջ բարեփոխումների կարիք ունի հարկերի վճարման ոլորտում, որտեղ գրավել է ցուցակի վերջին հորիզոնականներից մեկը։ Զեկույցի համաձայն, մասնավորապես, աշխարհում ամենից շատ ժամանակը հարկերն ու սոցվճարները մուծելու համար հայ գործարաներն են ծախսում:

Հայաստանում նոր գործ սկսելու համար, ըստ զեկույցի, օրենսդրորեն պահանջվում է 15 օր, այս առումով, աշխարհի առաջատարներից մեկը հարեւան Վրաստանն է` ընդամենը երեք օր եւ երեք պարտադիր գործընթաց։

Վրաստանը, ի դեպ, շարունակում է մնալ տարածաշրջանի առաջատարը` բիզնեսի դյուրին պայմանների եւ մատչելիության առումով: Այս տարվա զեկույցում, մասնավորապես, այդ երկիրը ընդհուպ մոտեցել է աշխարհի տասը առաջատար երկրներին եւ գրավել 11-րդ հորիզոնականը: Հարեւան Ադրբեջանը եւս բարելավել է դիրքերը նախորդ տարվա համեմատ եւ հայտնվել 38-րդ հորիզոնականում։

Գործարաների համար առավել դյուրին եւ մատչելի երկրների հնգյակում ընդգրվել են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Չինաստանը, Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG