Մատչելիության հղումներ

«Ժառանգության» ներկայացուցիչը հերքում է ներկուսակցական հակասությունների մասին լուրերը


Ազգային ժողովի պատգամավոր («Ժառանգություն») Ստեփան Սաֆարյանը:
Ազգային ժողովի պատգամավոր («Ժառանգություն») Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգության» կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Սաֆարյանը չորեքշաբթի օրը հերքեց մամուլում տեղ գտած հրապարակումը, թե «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորական մանդատը վայր է դրել ոչ թե ազգային կարեւորագույն խնդիրների պատճառով, այլ ներկուսակցական սկանդալի պատճառով:

Նշված հրապարակման համաձայն, 2008 թվականի հուլիսի 11-ին «Ժառանգության» համագումարում կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայիս ղեկավար Արմեն Մարտիրոսյանը փորձել է կեղծել կուսակցության վարչության անդամների ընտրության արդյունքները՝ ցանկանալով իշխանությունների համար վերահսկելի վարչության կազմ ունենալ: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, իմանալով այդ ամենի մասին, կուսակցության վերնախավին կոչ է արել հանգուցալուծել ստեղծված իրավիճակը, սակայն որոշ ժամանակ անց, տեսնելով, որ ոչինչ չի փոխվել, հրաժարական է տվել:

Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ հրապարակումը իրականության չի համապատասխանում: Կեղծիքի փորձ, Սաֆարյանի փոխանցմամբ, իսկապես եղել է, բայց այն կանխվել է հենց Արմեն Մարտիրոսյանի կողմից:

Պատգամավորի համոզմամբ, իրականում այս հրապարակմամբ փորձ է արվում վարկաբեկել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ իմաստազրկել պատգամավորական մանդատից հրաժարվելու նրա քայլը:

Սաֆարյանը ընդգծեց, որ հրապարակումը հետեւել է «Ժառանգության» հայտարարությանը, թե կուսակցությունը լինելու է ավելի կենտրոնաձիգ եւ ինքնուրույն, ինչպես նաեւ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Ղարաբաղյան հարցի կապակցությամբ «Ժառանգության» հստակ դիրքորոշումը ներկայացնելուն:

«Հիմնական նպատակը այսօրվա հրապարակման եղել է Րաֆֆի Հովհաննիսյանը քայլի արժեզրկումը, այն շեղելը իբր թե ներկուսակցական խնդիրներով», - հայտարարեց նա՝ հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջիկայում անձամբ կմենկաբանի իր հրաժարականը:

Սեպտեմբերի 7-ին, երբ պարզ դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը, իբրեւ պատճառաբանություն ներկայացվեց ընդամենը այն, որ այդ քայլը նա արել է «ազգային կարեւորագույն, սկզբունքային խնդիրների պատճառով»:

«Իբրեւ ամփոփում այս ամեն ինչի, պետք է ասեմ, որ հիրավի «Ժառանգության» պատկերացումներով եւ Րաֆֆի Հովհաննիսյանի պատկերացումներով ազգային խնդիրները սկսվում են ներքին ժողովրդավարացման խնդիրներից՝ սկսած մարտի 1-ից եւ դրան նախորդած ժամանակահատվածից, սկսվում են այդ ճգնաժամերը հարուցելու եւ դրանք լուծելու անկարողությունից, որոնց ուղղությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ նախաձեռնություններով հանդես է եկել եւ, ավաղ, անպատասխան է մնացել թե' ընդդիմության եւ թե' իշխանությունների կողմից, եւ ավարտվում են Հայաստանի շահերին հակասող միջազգային զարգացումներով, որտեղ Հայաստանի իշխանությունները հլու-հնազանդ կատարում են այն, ինչ ակնարկվում է կամ ինչ թելադրվում է», - ամփոփեց ընդդիմադիր պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG