Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի ներկայացուցիչը կառավարությանը կոչ է անում չկենտրոնանալ շինարարության ոլորտի վրա


Հայաստան -- ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը, արխիվ
Հայաստան -- ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը, արխիվ

Մեկնաբանելով Հայաստանում իրականացվող հակաճգնաժամային նախաձեռնությունները՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը կառավարությանը կոչ է անում չկենտրոնանալ գերազանցապես շինարարության ոլորտի վրա եւ փորձել զարգացնել նաեւ տնտեսության այլ ճյուղեր։

Վերջին շրջանում արտերկրից ներգրավված վարկերի մի զգալի մասը կառավարության որոշմամբ առանձնացվեցին շինարարության ոլորտում գործող ընկերությունների համար` այն հիմնավորմամբ, թե շինարարության ոլորտը հենց այն ճյուղն է, ուր ցանկացած տեղաշարժ կարող է շատ արագ իր հետեւանքները թողնել երկրի ողջ տնտեսության վրա` այդ թվում նպաստելով աճող գործազրկության զսպմանը։

Չորեքշաբթի լրագրողների հետ կայացած կարճ ճեպազրույցի ընթացքում, Օմեսը, մասնավորապես, ասաց. - «Կարծում եմ, որ շատ կարեւոր է տնտեսության այլ ճյուղեր նույնպես զարգացնել, որովհետեւ վերջին մի քանի տարիներին հայաստանյան տնտեսությունը շատ ուժեղ կախում ուներ շինարարության ոլորտից»։

Այդուհանդերձ, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը, արդարացնում է կիսավարտ շինություններն ավարտին հասցնելու նպատակով կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կառուցապատողների համար պետական երաշխիքների տրամադրում, Ազգային հիպոթեքային հիմնադրամի ստեղծում, ներդրումներ Աղետի գոտում եւ այլն։

«Կան եւ կային շատ շենք-շինություններ, որոնց կառուցումն արդեն սկսվել էր, բայց դեռ չէր ավարտվել։ Կարծում եմ, որ պետք է ազդակ տրվեր, որպեսզի այդ շինությունների կառուցումը գոնե ավարտվեր»,- ասաց Օմեսը եւ ավելացրեց, թե մեծ կորուստներ կլինեին, եթե այդ շենք-շինությունները մնային անավարտ։

Ev Consulting հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանի կարծիքով կառավարությունը ստիպված էր ներարկումներ կատարել շինարարության ոլորտում՝ նպատակ ունենալով փրկել հանրապետության ողջ տնտեսությունը, սակայն կառավարության այդ քայլերը կարող են ունենալ միայն կարճաժամկետ հետեւանքներ։

«Երկարաժամկետ տեսակետից դա նորից ամրագրում է այն իրավիճակը, որը մենք ունենք։ Այսինքն՝ շատ ցածր դիվերսիֆիկացված հատվածներով տնտեսությունը, որը մեծ կախվածություն ունի դրսի տրանսֆերտներից եւ արտաքին գործոններից, եւ որը ի վերջո հանդիսացավ նմանատիպ մեծ անկման պատճառ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հերգնյանը՝ հավելելով. - «Շինարարությունը մեզ մոտ միջազգային ճյուղ չէ, միջազգայնորեն մրցունակ չէ եւ հեռանկարային, երկարաժամկետ տեսանկյունից այն չի կարող դառնալ տնտեսական կայուն աճի հիմնական աղբյուրներից մեկը»։

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը այս տարի Հայաստանում գրանցված աննախադեպ՝ մինչեւ 18.5 տնտեսական անկման պատճառներից մեկը համարում է հենց այն հանգամանքը, որ երկրի ՀՆԱ-ում շինարարության ոլորտը հսկայական չափաբաժին է կազմում։

«Եթե առաջին յոթ ամիսներին ՀՆԱ-ի անկումը կազմել է 18.5%, ապա 14.1%-ը պատկանում է շինարարության ոլորտին։ Այսինքն` մոտ երկու երրորդը»,- նշեց Նինկե Օմեսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG