Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ավարտեց այցը Խորվաթիա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան ավարտել է երկօրյա պաշտոնական այցը Խորվաթիա եւ վերադարձել Երեւան:

Երեքշաբթի առավոտյան Սերժ Սարգսյանի Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ մասնակցել եւ ելույթ էր ունեցել հայ - խորվաթական առաջին գործարար համաժողովում: Համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող հայ եւ խորվաթ շուրջ 100 գործարար:

Այցի շրջանակում Հայաստանի առեւտրաարդյունաբերական եւ Խորվաթիայի տնտեսական պալատների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Սերժ Սարգսյանը այցելել է Զագրեբի աստղադիտարան, ծանոթացել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի օժանդակությամբ ստեղծված տիեզերական ուսումնասիրությունների «Սեւան» անունը կրող նորագույն սարքավորմանը, ծանոթացել խորվաթ ու հայ աստղաֆիզիկոսների կողմից իրականացվող համատեղ ծրագրերին:

Հայաստանի նախագահն այցելել է նաեւ Զագրեբ քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել Խորվաթիայի մայրաքաղաքի պատմությանն ու ցուցադրվող վավերագրերին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը այցելել է խոշոր քաղաքական-պետական գործիչ Տիտոյի` Վելիկի Բրիյուն կղզում գտնվող տուն-թանգարանի վերածված ամառային նստավայր, որտեղ ծանոթացել է Տիտոյի քաղաքական-պետական կենսագրությանը վերաբերող ցուցանմուշներին ու վավերագրերին: Ստյեպան Մեսիչի ողեկցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Տիտոյի կողմից տասնամյակներ առաջ կառուցված գինետուն:

Զագրեբում Հայաստանի նախագահը երեկ հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի հետ: Սերժ Սարգսյանն ու Լուկա Բաբիչը կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խորհրդարանական խմբերի ձեւավորումը եւ համագործակցությունը միջխորհրդարանական միջազգային կառույցներում: Հայաստանի նախագահը Խորվաթիայի խորհրդարանի նախագահին ծանոթացրել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր նախաձեռնության վերջին զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG