Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը ամրապնդում է հայ - խորվաթական տնտեսական համագործակցությունը


Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

Հայաստանի եւ Խորվաթիայի գործարարների մասնակցությամբ առաջին համատեղ համաժողովը լավ հնարավորություն է ստեղծում երկու պետությունների գործարարների համար` կապեր հաստատելու եւ հետագա համագործակցության ուրվագծերը նախանշելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` երեքշաբթի օրը ելույթ ունենալով Զագրեբում բացված հայ - խորվաթական առաջին գործարար համաժողովում:

«Անկախ Հայաստանն ու Խորվաթիան ժառանգել են բազմաճյուղ եւ գիտատար տնտեսություն, մենք նաեւ ունենք համանման հավակնություններ մեր տնտեսության զարգացման ապագայի հարցում: Այդ իրողությունը մեր գործարարներին լայն հնարավորություններ է ընձեռում ծավալել փոխշահավետ գործունեություն տնտեսության ամենատարբեր ոլորտներում», - ասել է Հայաստանի նախագահը: - «Հայաստանի ավանդույթները, գիտական եւ տեխնոլոգիական ներուժը զարգացման նախադրյալներ են ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, դեղագործության եւ քիմիական արդյունաբերության ոլորտների համար: Հայաստանը լուրջ ներուժ ունի նաեւ գյուղատնտեսական արդյունաբերության, շինարարության, թեթեւ արդյունաբերության, ոսկերչության, զբոսաշրջության, էներգետիկայի զարգացման ոլորտներում: Սրանք հայտարարված են որպես գերակա ոլորտներ, եւ մեր կառավարությունը հաստատուն ջանքեր է գործադրում գործարար միջավայրի զարգացման համար` նպատակ ունենալով կայացնել մեծ «արժեք ավելացնող», արտահանմանն ուղղված եւ միջազգայնորեն մրցունակ տնտեսություն»:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ե'ւ Հայաստանում, ե'ւ Խորվաթիայում պետական մակարդակով հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ, եւ երկու երկրներն էլ ունեն բավականին նվաճումներ այդ ոլորտում: Հայաստանի կառավարությունը կարեւորում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլեւ որպես ոլորտի արտադրանքի եւ ծառայությունների կիրառման միջոցով Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացին ուղղված գործիք: Այս առումով քննարկել ենք «Էրիքսոն» ֆիրմայի խորվաթական մասնաճյուղի հետ համագործակցության հնարավորությունները` էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ուղղությամբ», - նշել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից:

Նա հայտնել է, որ Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ քննարկել է նաեւ զբոսաշրջության բնագավառում չօգտագործված հնարավորությունները. - «Մասնավորապես, Խորվաթիայի փորձի ուսումնասիրումը եւ զբոսաշրջության գործի մասնագետների պատրաստման խորվաթական հնարավորությունների օգտագործումը կարող են նոր եւ լայն հեռանկարներ բացել այս ոլորտի գործարարների համար»:

«Երկկողմ համագործակցության մեծ հորիզոններ են բացվում նաեւ Հայաստանում ներկայումս արագ զարգացող ենթակառուցվածքային ոլորտում` «Հյուսիս - Հարավ» մայրուղու, երկաթգծի եւ ատոմակայանի կառուցման ներդրումային ծրագրերի շրջանակներում: Դրանք մի քանի միլիարդանոց ծրագրեր են եւ լայն հնարավորություն են ստեղծում խորվաթական ընկերությունների համար», - ասել է Հայաստանի նախագահը` հավելելով. - «Հայաստանը կարող է ապահովել ներդրումների արդյունավետ ելք ֆինանսական շուկաների միջոցով: Մասնավորապես, բանկային համակարգում գերիշխում են միջազգային ճանաչում ունեցող բանկեր տարբեր մշակույթներ ունեցող երկրներից, իսկ ֆոնդային բորսան OMX NASDAQ-ի սեփականությունն է: Նախատեսում ենք ներդնել նոր կենսաթոշակային համակարգ, որը կնպաստի կենսաթոշակային հիմնադրամների ստեղծմանը: Պարտադիր կուտակային համակարգի կառուցվածքը շատ նման է Խորվաթիայում գործող համակարգին, որի հնարավորությունները, կարծում եմ, արդեն իսկ առկա փորձից ելնելով, չեք թերագնահատի»:

Հայ - խորվաթական տնտեսական համագործակցության ներկա փուլում Սերժ Սարգսյանը առավել կարեւոր եւ առաջնային նախապայման է համարում գործարար շրջանակների անմիջական շփումները. - «Նման հանդիպումները եւ շփումները որոշակի հիմք են ապահովում եւ ուղղորդում հետագա առեւտրատնտեսական համագործակցությունը եւ լավ հնարավորություն են ընձեռում գտնել համագործակցության ուղիներ, ինչու չէ` նաեւ նոր ոլորտներ»:

«Հաշվի առնելով, որ մեր երկու պետությունները որդեգրել են Եվրոպական ինտեգրման ուղին, ինչպես նաեւ այն, որ Եվրամիությունը Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկերն է, անհրաժեշտ եմ համարում մեր առավել սերտ համագործակցությունը եվրակառույցների շրջանակներում: Համոզված եմ` արդյունավետ համագործակցելով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում, մեր տնտեսություններն ու շուկաները է'լ ավելի կմոտենան իրար եւ կնպաստեն առեւտրաշրջանառության էական աճին», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG