Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովում կներկայացվի զեկույց Հայաստանի վերաբերյալ


Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի սեպտեմբերի 9-ին Փարիզում կայանալիք նիստում, ի թիվս այլ հարցերի, լսվելու է զեկույց Հայաստանի կողմից 1677 բանաձեւի կատարման ընթացքի վերաբերյալ։

ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի կանխատեսմամբ, հանձնաժողովը այս նիստում դժվար թե Հայաստանի հարցը ԵԽԽՎ-ի աշնանային լիագումար նստաշրջանի օրակարգում ընդգրկելու որոշում կայացնի։

«ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում սովորաբար որոշվում է լիագումար նիստի վերջնական օրակարգը. թե արդյոք Հայաստանի հարցը օրակարգ կարող է մտնել, թե ոչ։ Տեղյակ լինելով ԵԽԽՎ-ում առկա տրամադրություններին, ես չեմ կարծում, որ այս անգամ Հայաստանի հարցը լիագումար նիստ կմտնի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի ասաց Արման Գրիգորյանը։

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը գլխավորող Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանում տիրող իրավիճակը ինքն է ներկայացնելու. - «Տեղեկություններ. ընթացիկ ինչ փուլում ենք գտնվում, քաղաքական եւ այլն։ Քրեական գործերի վարույթ, Հայաստան-Թուրքիա, եւ այլն»։

Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին Հարությունյանից բացի մասնակցում է նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով ներկայացնում է խորհրդարանական ընդդիմությունը։ Պատճառաբանելով, որ ընդդիմությունը արդեն իսկ ներկայացված է հանձնաժողովի նիստում, ԵԽԽՎ-ի քարտուղարությունը մերժել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հրավեր ուղարկելու դիմումը։
XS
SM
MD
LG