Մատչելիության հղումներ

Հայաստանը պահպանել է իր տեղը տնտեսության մրցունակության միջազգային զեկույցում


Տնտեսության մրցունակության տեսանկյունից Հայաստանը աշխարհի 133 երկրների շարքում զբաղեցնում է 97–րդ հորիզոնականը` Դոմինիկյան Հանրապետության, Ալբանիայի եւ Քենիայի հարեւանությամբ։

Ուսումնասիրությունը կատարել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որը վերջին երեսուն տարիների ընթացքում ակտիվորեն աշխատում է աշխարհում տնտեսությունը զարգացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ եւ ամեն տարի կազմակերպում է Դավոսի հանրահայտ տնտեսական համաժողովը։

Զեկույցի հեղինակները ուսումնասիրության ընթացքում դիտարկել են տնտեսության մրցունակությունը բնորոշող 12 հիմնական չափորոշիչներ` մակրոտնտեսական կայունությունից մինչեւ նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, ընդ որում, հաշվի են առել ոչ միայն պաշտոնական վիճակագրությունը, այլեւ շուրջ 8 տասնյակ գործարարների ու փորձագետների գնահատականները։

Ըստ այդմ՝ Հայաստանը բավական բարձր դիրք է գրավել մակրոտնտեսկան կայունության ցուցանիշով, մինչդեռ շուկայի անարդյունավետության, այդ թվում մենաշնորհների տարածվածության առումով գրավել է ցուցակի վերջից հինգերորդ հորիզոնականը։

Հարցված փորձագետների եւ գործարարների գերակշիռ մասը, մասնավորապես, պնդել է, որ Հայաստանի կառավարության հակամենաշնորհային քաղաքականությունը ամենեւին չի խթանում մրցակցությունը երկրում: Այս առումով Հայաստանից ավելի վատ արդյունք դիտարկված 133 երկրների շարքում արձանագրել է միայն Բոսնիա–Հերցեգովինան։

Հարցին, թե ինչն է Հայաստանում ամենից շատ խոչընդոտում բիզնեսին, գործարարները արդեն երրորդ տարին շարունակ պատասխանել են` կոռուպցիան։ Երկրորդ տեղում է հարկային վարչարարությունը, երրորդում` կառավարության անարդյունավետ վարչարարությունը։ Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի առավել շատ են եղել գործարարները, ովքեր որպես խոչընդոտ են նշել նաեւ հարկերի բարձր աստիճանը, ֆինանսական միջոցների անհասանելիությունն ու սղաճը։

Որպես դրական գործոններ փորձագետները շարունակում են մատնանշել Հայաստանում նոր գործ սկսելու համար պահանջվող կարճ ժամանակահատվածը` ընդամենը 18 օր, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ բավական պարզեցված է աշխատանքի ընդունելու եւ աշխատանքից ազատելու ընթացակարգը։

Թեեւ բոլոր տասներկու չափորոշիչների ուսումնասիրության արդյունքում Հայաստանը նախորդ տարվա համեմատ վարկանիշային փոփոխություն չի արձանագրել եւ շարունակել է պահպանել 97-րդ հորիզոնականը, այդուամենայնիվ, առաջընթաց է արձանագրել որակական առումով. ուսումասիրությունների համաձայն, մասնավորապես, մինչեւ այժմ Հայաստանը զարգացման առումով գտնվում էր առաջին` ռեսուրսների վրա հիմնված փուլում, որտեղ, ըստ փորձագետների, առաջընթացը հիմնականում արձանագրվում էր ցածր վարձատրվող աշխատուժի եւ բնական պաշարների շնորհիվ, շուկան էլ առաջարկում էր հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ ծառայություններ։

Այս տարվա զեկույցի համաձայն, Հայաստանն արդեն թեւակոխել է զարգացման հաջորդ` արդյունավետության փուլը, որտեղ տնտեսության աճի համար անհրաժեշտ է արդեն ուշադրություն դարձնել արդյունաբերության արդյունավետության ու որակի վրա։

«Այս փուլում գտնվող երկրները պետք է առավել շատ ջանքեր գործադրեն շուկաների` ֆինանսական շուկայի, ապրանքների ու աշխատուժի, ճկունությունն ապահովելու համար, ինչպես նաեւ կենտրոնացնեն ուշադրությունը աշխատողների մասնագիտական պատրաստվածությունը բարձացնելու, համալսարանական կրթությունը բարելավելու եւ բանիմաց մասնագետներին ու ուսանողներին տնտեսության տարբեր ճյուղերում ներգրավելու համար», - ասում է զեկույցի հեղինակներից Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Խավիեր Սալա-ի-Մարտինը։

Զարգացման հաջորդ փուլը նորարարության փուլն է, որտեղ ընդգրկված են մրցունակության առումով առավել բարձր դիրքեր գրաված, զարգացած երկրները։

Մրցունակության համաշխարհային ցուցակը այս տարի էլ շարունակում է գլխավորել Շվեյցարիան, երկրորդ տեղում է Միացյալ Նահանգները: Լավագույն հնգյակում են նաեւ Սինգապուրը, Շվեդիան եւ Դանիան։
XS
SM
MD
LG