Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հաստատում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մանդատից հրաժարվելու փաստը


«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը երեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խուսափեց հստակ կերպով մեկնաբանել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դրդապատճառները։

«Հովհաննիսյանը, կարծում եմ, ունեցել է լուրջ դրդապատճառներ, որպեսզի նմանատիպ քայլ կատարի։ Հետագայում ինքը ավելի ընդարձակ եւ ամբողջական կպատասխանի», - ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, թե քայլը ունի ինչպես անձնական դրդապատճառներ, այնպես էլ բխում է ազգային, կարեւորագույն, սկզբունքային հարցերից։

«Սա [դրդապատճառների] կոմպլեքս է. ինչպես հայ-թուրքական հարաբերությունների խնդիրն է բոլորիս ազգային հետաքրքրությունների շրջանակում, այնպես էլ ժողովրդավարությունը», - նշեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարը։

Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը գրել է դեռ սեպտեմբերի 2-ին. - «Ես արդեն կարող եմ հաստատել այդ փաստը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել մանդատը վայր դնելու մասին։ Դիմումը ներկայացված է ամսի 2-ից»։

Շրջանառվում են լուրեր, որ «Ժառանգության» մյուս պատգամավորները նույնպես պատրաստվում են հետեւել Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին եւ վայր դնել իրենց մանդատները։ Այս կապակցությամբ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. - «Այս պահի դրությամբ նմանատիպ հարց դեռեւս չի քննարկվում, բայց քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի»։
XS
SM
MD
LG