Մատչելիության հղումներ

Էլհան Պոլուխով. «Ադրբեջանը պատրաստ է աշխատել նոր համանախագահի հետ»


Ադրբեջանական կողմը պատրաստ է աշխատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Միացյալ Նահանգների նշանակած նոր համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը:

«Մեր դիրքորոշումը բանակցային գործընթացում մնում է անփոփոխ: Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր զբաղեցրած դիրքերից եւ աշխատանքը տանում է այդ ուղղությամբ», - ասել է Պոլուխովը եւ հիշեցրել, որ իր երկրի դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է. - «Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավարության` աշխարհում գոյություն ունեցող կարգավիճակներից ամենաբարձրը»:

APA գործակալության փոխանցմամբ, պատասխանելով բանակցությունների ներկա փուլում գործընթացի վրա ամերիկյան համանախագահի փոփոխության հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցին` ադրբեջանցի դիվանագետը հայտարարել է. - «Կարծում եմ, ամերիկյան կողմը մինչ նոր համանախագահի նշանակումը տեղեկացրել է նրան գործընթացի մասին: Հետեւաբար, բանակցային գործընթացին նրա ծանոթանալու անհրաժեշտությունը բացառվում է: Համենայն դեպս, նախկին համանախագահը մանրամասն տեղեկացրել է նոր միջնորդին իրավիճակի մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG