Մատչելիության հղումներ

logo-print

Սեպտեմբերի 8-ի մամուլ


«168 ժամ»-ը հրապարակել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի հեղինակած հոդվածը՝ նվիրված հայ-թուրքական հարաբերություններին՝ միաժամանակ կցելով իր մեկնաբանությունները: Թերթի մեկնաբանը գրում է. - «Տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան Օսկանյանի ասածի բովանդակությունն է, որքան դրդապատճառը: Իրականում այս հրապարակումները կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանի արձագանքը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը եւ «մեսիջը», որ ինքը, մեղմ ասած, դեմ չէ այս հողի վրա քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը: Պատահական չէ, որ 10 տարի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Օսկանյանը «Իրերը իրենց անուններով կոչեց» եւ «Սխալվելն աններելի» համարեց արձանագրությունների հրապարակումից գրեթե մեկ շաբաթ անց միայն՝ այն բանից հետո, երբ Քոչարյանը հայտարարեց, թե հնարավոր չէ հեռանալ քաղաքականությունից: Այնպես որ, արդեն կարծես թե սկսել է աշխատել վերադարձի սցենարը, որի մասին քաղաքական շրջանակներում խոսում էին վերջին շրջանում: Ինչ վերաբերում է նախկին արտգործնախարարի կողմից հնչող գնահատականներին, ապա պետք է նկատել, որ այսպիսով նախկին նախագահը եւ արտգործնախարարը փորձում են այս առիթը օգտագործել Լեռնային Ղարաբաղի հարցում իրենց վարած տասնամյա քաղաքականության պատասխանատվությունից հրաժարվելու համար»:

«Տարեգիր»-ը անդրադառնում է շաբաթ օրը «Հանրապետական» մարզադաշտում կայացած ֆուտբոլային խաղին ոստիկանների արձագանքին: Թերթը գրում է. - «Մեր թիմի խաղը պարզապես վիրավորանք էր՝ հասցեագրված յուրաքանչյուր երկրպագուի: Եվ բնական է, որ վիրավորանքի արձագանքը եղան նախ սուլոցները, ապա «ամոթ, ամոթ» վանկարկումները, ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջը, արեւելյան տրիբունայում էլ հայտնվեց «Հերիք է մեզ խայտառակեք» պաստառը, այնուհետեւ երկրպագուները, ի նշան դժգոհության, սկսեցին թափահարել սպիտակ թաշկինակները: Իրավապահներին հավանաբար թվաց, թե «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցողը զանգվածային անկարգություններ են, եւ իրենք պարտավոր են ճնշել այդ «անկարգությունները» կազմակերպողներին: Եթե զերծ մնանք զգայական մեկնաբանություններից, պիտի արձանագրենք, որ հայ ոստիկանները Հայաստանի հավաքականի երկրպագուներին հարկադրում են հնազանդության, ստիպում են համակերպվել պարտությանն ու պարտվողականությանը, չբողոքել եւ ոչինչ չպահանջել: Սա ամենավատ բանն է, ոստիկանի ամենաարգահատելի արարքն է՝ որ խավի, հասարակության որ շերտի նկատմամբ էլ դրսեւորվի»:

Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես եկավ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությամբ՝ ընդհանուր առմամբ ողջունելով օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունները: «Հայոց Աշխարհ»-ում կուսակցության դիրքորոշումն է հիմնավորում Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը: Նա ասում է. - ««Մեզ համար ընդունելի է, որ այդ արձանագրություններում որեւէ հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի մասին, չնայած թուրքական կողմը բազմիցս այդ հարցադրումը ներկայացրել է որպես նախապայման հայ-թուրքական հարաբերությունների համար։ Դրական քայլ ենք համարում նաեւ միջկառավարական հանձնաժողովի վերաբերյալ ձեւակերպումը։ Սա եւս համահունչ է Հայաստանի արտաքին քաղաքականությանը. ժամանակին, եթե հիշում եք, Թուրքիայի նախագահն առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը կքննարկի Ցեղասպանության հարցը, մինչդեռ Հայաստանի մոտեցումն այն է, որ պետք է ստեղծվի միջկառավարական հանձնաժողով, որը ամենաբարձր մակարդակով քննության առարկա կդարձնի հայ-թուրքական հարաբերությունների բոլոր կնճռոտ հարցերը, այդ թվում եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը»։

Նույն հարցի վերաբերյալ «Իրավունքը de facto» թերթը զրուցել է դաշնակցական պատգամավոր Արտաշես Շահբազյանի հետ: Նա ասում է. - «ՀՅԴ-ն հարաբերությունների հաստատմանը դեմ չէ, այն պարզ տրամաբանությամբ, որ հարեւան երկրներն իրար հետ պետք է ունենան բարիդրացիական հարաբերություններ: Ի դեպ, հիշեցնեմ, որ մենք թուրքերի հետ բանակցել ենք նաեւ 1918-20 թվականներին, երբ իշխանության գլուխ էինք, այսինքն` չունենք այդպիսի բարդույթ»: Հարց. - «Ինչպե՞ս կմեկնաբանեք պաշտոնական եւ ոչ պաշտոնական այն տեսակետները, թե արձանագրությունում ո՛չ Ղարաբաղի հարց, ո՛չ Կարսի պայմանագիրը, եւ ո՛չ էլ ցեղասպանության գործընթացի սառեցման խնդիր կա»։ - «Թուրքերն այնպես պետք է պայմանագիր կնքեն, որ հայ ժողովրդին խաբեն, կոպիտ ասած, «ֆռռացնեն»։ Եթե պատմական հարթության վրա ենթահանձնաժողովի ստեղծման մասին է խոսքը, նույնը չէ՞, թե պատմաբանների հանձնաժողով է ձեւավորվելու։ Խնդիրները երկու երկրների միջեւ պաշտոնական մակարդակով քննարկվելու են, դրա անունը ենթահանձնաժողով, թե ենթաենթահանձնաժողով կդրվի, ի՞նչ է փոխվելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG