Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը նշանակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նոր համանախագահին


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հաջորդ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Ա. Բրադկե

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հաջորդ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Ա. Բրադկե

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել Խորվաթիայում ամերիկյան առաքելության նախկին ղեկավար, դեսպան Ռոբերտ Բրադկեին։

«Ռոբերտ Բրադկեն ստանձնում է այս պաշտոնը՝ արտաքին քաղաքականության ոլորտում ավելի քան 36 տարվա աշխատանքից եւ եվրոպական անվտանգության քաղաքականության ոլորտում ակտիվ փորձառությունից հետո», - ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրությունում։

Ռոբերտ Բրադկեն այս տարվա հուլիսին ավարտել է Խորվաթիայում ամերիկյան առաքելության եռամյա ղեկավարությունը, իսկ դրանից առաջ՝ 2001-2004 թվականներին եղել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը, Եվրոպական եւ Եվրասիական հարցերով՝ ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հարցերով պատասխանատուն։

«Միացյալ Նահանգները հասկանում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային կարեւորությունը, եւ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ վերջին դրական երկխոսությունը», - ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրությունում։ - «ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մատնանշել է երկու նախագահներին իր խորը հետաքրքրվածությունը Մինսկի խմբի հետագա ջանքերում՝ հակամարտությունը արդյունավետ հանգրվանի բերելու վերաբերյալ, եւ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստակամ է անել ամեն հնարավորը՝ այդ նպատակին աջակցելու համար»։

«Մենք տեղեկացրել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին դեսպան Բրադկեի նշանակման մասին», - հաղորդում է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը եւ նշում, որ ամերիկացի նոր համանախագահը անհամբեր սպասում է իր առաջին այցին տարածաշրջան, որ տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։

Ռոբերտ Բրադկեն այս պաշտոնում փոխարինում է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզային, ով, ըստ հաղորդումների, ստանձնելու է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը։

Ռոբերտ Բրադկեն բավական հարուստ դիվանագիտական փորձ ունի: Նա պետքարտուղարություն է եկել ավելի քան երեքեւկես տասնամյակ առաջ` 1973-ին: Այս ընթացքում Բրադկեն աշխատել է մի շարք երկրներում ամերիկյան ներկայացուցչություններում` այդ թվում Հարավային Ամերիկայում, նախկին Հարավսլավիայի տարածքում, Ռուսաստանում եւ Գերմանիայում:

Բիլ Քլինթոնի նախագահության տարիներին Բրադկեն նախ նշանակվել է Մեծ Բրիտանիայում Միացյալ Նահանգների փոխդեսպան, ապա վերադառնալով Վաշինգտոն` ստանձնել է Ազգային անվտանգության խորհրդի գործադիր քարտուղարի պաշտոնը:

Զագրեբում ամերիկյան դեսպանի պաշտոնը Բրադկեն ստանձնել է արդեն Ջորջ Բուշի պաշտոնավարման ավարտին, իր երկրի շահերը Խորվաթիայում ներկայացնելով երեք տարի` 2006-ից մինչեւ 2009 թվականները:

Այս ընթացքում ամերիկացի դիվանագետը մի քանի անգամ անդրադարձել է Կոսովոյի խնդրին: Մասնավորապես, 2008 թվականի գարնանը «Ազատություն» ռադիոկայանի Զագրեբի թղթակցին տված հարցազրույցում Բրադկեն ասել է. - «Կարծում եմ, որ Կոսովոյի անկախությունը կարող է հիմք ստեղծել Հարավարեւելյան Եվրոպայի այս հատվածի կայուն ապագայի համար` տարածաշրջանի երկրների` ՆԱՏՕ-ին եւ Եվրոպական Միությանը անդամակցությամբ հանդերձ: Կարեւոր է, որ Սերբիան էլ է ընդունում, որ ապագան հենց դա է: Ապագան անցյալ վերադառնալու փորձերի եւ մեկուսացված ապրելու մեջ չէ: Ապագան Կոսովոյի անկախությունն ընդունելն ու առաջ շարժվելն է»:

Ռոբերտ Բրադկեն Բալկաններով զբաղվող երկրորդ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն է, որին Օբամայի վարչակազմը հանձնարարում է զբաղվել Հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներով: Ավելի վաղ Կոսովոյում ԱՄՆ-ի դեսպան Թինա Քեյդենաուն նշանակվեց Եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխպետքարտուղարի օգնականի պաշտոնում, որը վերջին տարիներին Մեթյու Բրայզան էր զբաղեցնում:
XS
SM
MD
LG