Մատչելիության հղումներ

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը կողմ է պատմական ենթահանձնաժողովի ստեղծմանը


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը լրագրողների հետ հանդիպմանը: 7-ը սեպտեմբերի, 2009 թ.

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը լրագրողների հետ հանդիպմանը: 7-ը սեպտեմբերի, 2009 թ.

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը համոզված է, որ պատմական հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի ստեղծումը կարող է լրջորեն վնասել Թուրքիայի ազգային անվտանգությունը, քանի որ այնտեղ կարող են քննարկվել հարցեր, որոնք վտանգ են ներկայացնում թուրքական պետականության համար։

Ավելին՝ նրա գնահատմամբ, ենթահանձնաժողովի շրջանակներում տեղի ունենալիք քննարկումների արդյունքում, եթե հնարավորություն առաջանա ուսումնասիրել օսմանյան արխիվները, ապա դրանք միայն կօգնեն հայկական կողմին լրացնել գիտելիքները Ցեղասպանության պատմության վերաբերյալ։

Դեմոյանի խոսքով, ստեղծվելիք ենթահանձնաժողովի այն ձեւակերպումը, ինչպիսին տրված է փաստաթղթում, թուրքական կողմի համար դեմքը փրկելուն միտված որոշակի ձեւակերպում է:

«Որովհետեւ սա պատմաբանների հանձնաժողովի այն գաղափարը, որը թուրքական կողմից պաշտոնապես հրապարակ էր նետվում՝ զուտ ուսումնասիրելու Ցեղասպանության հարցը, սա այն չէ», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը պնդեց Դեմոյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանը, ով, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ներկայացնում է իր անձնական տեսակետը, նշեց, թե Հայկ Դեմոյանը, կատարելով նման հայտարարություններ, անուղղակիորեն խոստովանում է, որ պատմական ենթահանձնաժողովում, այնուամենայնիվ, քննարկվելու է Ցեղասպանության հարցը։

«Եթե Ցեղասպանության մասին քննարկում չի լինելու, ես չեմ հասկանում, թե ինչով է թուրքերի համար դա վտանգ», - նաեւ տարակուսեց Մանուկյանը:

Մյուս կողմից, ըստ Գեղամ Մանուկյանի, նշված ենթահանձնաժողովը նպատակ է հռչակվում հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացումը` այդ թվում պատմական փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով, սակայն «հրապարակային արդեն սկսել են խոսել, որ շատ մեծ վտանգ է պարունակում»:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ասուլիսում նաեւ անդրադարձավ Հայաստանում բանավեճերի պատճառ հանդիսացած արձանագրություններից մեկի մի կետին, ուր, մասնավորապես, ասված է. - «[Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը] վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը... համաձայնվեցին հիմնել դիվանագիտական հարաբերություններ»։ Ըստ Դեմոյանի, եթե տվյալ արձանագրության մեջ Կարսի պայմանագրի մասին որեւէ կետ նշված չէ, ապա չի կարելի ասել, թե ստորագրելով այդպիսի փաստաթուղթ պաշտոնական Երեւանը ճանաչում է 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը։

«Որեւէ մեկը Հայաստանում կարո՞ղ է ինձ բացատրել «վերահաստատելով հարգելու իրենց երկկողմ պարտավորությունները» արտահայտությունը», - հակադարձեց Մանուկյանը. - «Հայաստանը եւ Թուրքիան ի՞նչ պարտավորություն ունեին, որ կնքել էին եւ այս արձանագրություններով վերահաստատում են: Արդյո՞ք սա չի վերաբերում Կարսի պայմանագրին»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ եթե պատմական ենթահանձնաժողովում, այնուամենայնիվ, քննարկվի Հայոց ցեղասպանության եղելիության հարցը, ապա նրա` որպես Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի դիրքորոշումը ո՞րն է լինելու, Դեմոյանը պատասխանեց. - «Ես կողմ չեմ քննարկել Ցեղասպանության եղելիության խնդիր: Այսինքն ի սկզբանե ոչ թե ես ասելու եմ՝ ոչ, այլ դրան վերաբերվելու եմ հեգնանքով եւ հումորով… Ես դեմ եմ այդպիսի քննարկումների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG