Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Խորվաթիա


Պաշտոնական այցով Խորվաթիայում գտնվող Սերժ Սարգսյանը եւ Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը, 7-ը սեպտեմբերի, 2009թ. (Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի)
Պաշտոնական այցով Խորվաթիայում գտնվող Սերժ Սարգսյանը եւ Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը, 7-ը սեպտեմբերի, 2009թ. (Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի)

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Խորվաթիայի Հանրապետություն։

Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահների առանձնազրույցը, որի ընթացքում «Սարգսյանն ու Մեսիչը բարձր են գնահատել Հայաստանի եւ Խորվաթիայի միջեւ քաղաքական երկխոսության ներկա մակարդակը, քննարկել են երկու երկրների միջեւ փոխգործակցությանը, միջազգային օրակարգին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»։

Հանդիպման ժամանակ նշվել է, որ վաղը երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ ստորագրվելու է եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ քաղաքական խորհրդատվություններին վերաբերող արձանագրություն, որը կարեւոր է տվյալ ուղղությամբ համագործակցությունը կայուն հիմքերի վրա դնելու համար։ Սերժ Սարգսյանը կարեւորել է երկու երկրների համագործակցությունը` Եվրամիության տարբեր ձեւաչափերում ու նախաձեռնությունների շրջանակներում։

Հայաստանի նախագահը Խորվաթիայի գործընկերոջը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական քաղաքական երկխոսության վերջին զարգացումների եւ հարաբերությունների կարգավորման Հայաստանի տեսլականի մասին, տեղեկություններ է հաղորդվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ։ Խորվաթիայի նախագահը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ՀՀ նախագահի նախաձեռնությունը եւ վստահություն հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իր հերթին կբերի տարծաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը։

Կողմերը շեշտել են, որ երկուստեք առկա է քաղաքական կամք` ամենատարբեր ոլորտներում փոխգործակցությունն առաջ մղելու համար։

Առանձնազրույցից հետո երկկողմ բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով։

Խորվաթական «Հինա» գործակալությունը հայտնում է, որ հանդիպումից հետո երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսում Մեսիչն ասել է լրագրողներին, թե Սարգսյանի այցը կարեւոր քայլ էր հայ-խորվաթական հարաբերությունների ամրապնդման համար։

«Չկան անլուծելի խնդիրներ, բայց մենք կարող ենք դրանք դարձնել անլուծելի, եթե չունենք ուժ եւ իմաստնություն` քաղաքական կամք դրսեւորելով լուծել դրանք», - ասել է Մեսիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG