Մատչելիության հղումներ

Համբույրը ֆրանսիական դպրոցներում արգելվեց


Լոնդոնում լույս տեսնող «Գարդիան»-ի փոխանցմամբ, Ֆրանսիայում 6,5 միլիոն երեխա վերադարձել է ամառային արձակուրդից։ Անցած շաբաթ օրը մեկնարկել է ուսումնական նոր տարին։ Մեծ թվով դպրոցներում կիրառվող նորամուծությունն է` «Ոչ մի ողջույնի համբույր»։

Ֆրանսիական հին ավանդույթի համաձայն, միմյանց հանդիպելիս բարեկամները, ծանոթները, գործընկերները, համադասարանցիները շատ հաճախ «թեթեւ համբուրվում են», այսինքն բարեւելիս երկու այտերով նաեւ հպվում են։ Ողջույնի այդ ձեւը Ֆրանսիայում անվանում են «սn petit bisou»` «փոքրիկ համբույր»։

Արգելքը պատճառաբանվում է խողագրիպի հնարավոր տարածումը կանխելու անհրաժեշտությամբ։

«H1N1 վիրուսով վարակվածին չհամբուրելն ընդամենը բանականության հարց է»,- ասել է Բրետանի շրջանի «Ժան Լեբրուն» տարրական դպրոցի տնօրեն Անշելիկա Ժոնկուրը։

Ոմանք արգելքը զայրույթով են ընդունել։

«Եթե համբուրվելը վտանգավոր է, թքելը վտանգավոր է, շուտով մարդիկ կսկսեն ամեն միջոցով պաշտպանվել ամեն ինչից, օրինակ, կասեն, թե վտանգավոր են սեռական հարաբերությունները, կարգելեն խոսել կամ առնվազն կխնդրեն զրուցելիս մի քանի մետր հեռավորություն պահպանել»,- գրել է մի դժգոհ բլոգեր Կոլեն ավանից, որտեղ իշխանություններն արգելել են թքել փողոցներում։

Ժիլվինեկ փոքրիկ գյուղի գյուղապետ Էլեն Տանգին հայտարարել է, թե անորոշ ժամանակով «սn petit bisou»-ն արգելված է բոլոր երեխաների համար, բացի այդ, նա նաեւ չափահասներին է հորդորում հրաժարվել «փոքրիկ համբույրից» եւ ինքն էլ օրիկակ է ծառայում. ըստ «Գարդիան»-ի, տիկին Տանգին հրաժարվում է համբուրել համագյուղացիներին, փոխարենը «ձեռքով ընկերաբար ողջումում է նրանց»։

«Սկզբում բոլորը ծիծաղում էին, բայց հետո մարդիկ հասկացան, որ դա անհրաժեշտտություն է», - ասել է գյուղապետը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ H1N1 վիրուսը ո'չ մուտացիայի է ենթարկվել եւ ո'չ էլ վարակվածների մոտ ավելի ծանր վիճակ է առաջացնում նախկինի համեմատությամբ։

Մինչդեռ Կարմիր խաչի մասնագետների պնդմամբ, մուտացիայի դեպքում հնարավոր համաճարակի զոհ կդառնա մի քանի միլիոն մարդ։
XS
SM
MD
LG