Մատչելիության հղումներ

Տիգրան Առաքելյանը հայտարարելու է անժամկետ հացադուլ


Տիգրան Առաքելյանը դատարանի մուտքի մոտ: 8-ը հուլիսի,2009 թ. -- Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Տիգրան Առաքելյանը դատարանի մուտքի մոտ: 8-ը հուլիսի,2009 թ. -- Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով ձերբակալվել էր հուլիսի 5-ին եւ այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, երկուշաբթի հայտարարել է, որ հաջորդ օրվանից սկսելու է անժամկետ հացադուլ՝ պահանջելով իրեն ազատ արձակել, որպեսզի կարողանա բուժվել քաղաքացիական հիվանդանոցում:

Առաքելյանը համապատասխան դիմումը քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացրել է երկուշաբթի օրը, հացադուլը սկսելու է երեքշաբթի առավոտյանը ժամը 8-ից:

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց տեղեկատվությունը:

«Հացադուլ հայտարարելու օրվանից, այսինքն՝ սեպտեմբերի 8-ից Տիգրան Առաքելյանը կմեկուսակցվի՝ կտեղափոխվի հատուկ խուց [հացադուլ հայտարարածների համար նախատեսված] եւ կսահմանվի բժշկական շուրջօրյա հսկողություն», - հավելեց Բաբայանը:

Երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ Տիգրան Առաքելյանը նշում է, որ դատապարտյալների հիվանդանոցում է գտնվում «ոստիկանության աշխատակցի կողմից զենքի խզակոթով գլխին ստացած հարվածից վնասվածքների պատճառով», եւ որ «իր ինքնազգացողությունը օր-օրի վատթարանում է»:

Հայտարարության մեջ նա նշել է նաեւ, որ իրեն համարում է «քաղաքական պատանդ». - «Ես հալածվում եմ միմիայն քաղաքական հայացքներիս համար: Ինձ պատանդի կարգավիճակում պահելը չեմ որակում որպես անձամբ իմ դեմ կատարված հանցագործություն, դա ոտնձգություն էր ողջ երիտասարդ ակտիվի եւ ընդհանրապես առողջ հասարակության դեմ»:

Առաքելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր ձախ աչքը գրեթե չի տեսնում, ունի հաճախակի գլխապտույտներ եւ անքնություն:
XS
SM
MD
LG