Մատչելիության հղումներ

Ահմեդ Դավութօղլու. «Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման ճանապարհին Թուրքիան լուրջ հանգրվանի է հասել»


Վրաստան -- Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Գրիգոլ Վաշաձեն (ձախից) եւ Ահմեդ Դավութօղլուն Թբիլիսիում, 07-ը սեպտեմբերի, 2009 թ.
Վրաստան -- Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Գրիգոլ Վաշաձեն (ձախից) եւ Ահմեդ Դավութօղլուն Թբիլիսիում, 07-ը սեպտեմբերի, 2009 թ.

«Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման ճանապարհին Թուրքիան լուրջ հանգրվանի է հասել», - երկուշաբթի Թբիլիսիում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն։

Իր վրաց պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Դավութօղլուն ասել է. - «Մեր ցանկությունն է վերջնականապես կարգավորել սառեցված հակամարտությունները։ Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը մենք դիտարկում ենք ոչ միայն երկկողմ կապերի վերականգնման, այլեւ Կովկասում խաղաղության հաստատման տեսանկյունից»։

Դավութօլուն նաեւ հավելել է. - «Կովկասում խաղաղության հաստատման հեռանկարը ես եւ իմ վրաց գործընկերը նույն կերպ ենք դիտարկում»։

Խոսելով երկկողմ թուրք-վրացական հարաբերությունների մասին, Դավութօղլուն ասել է. - «Թուրքիան իրեն Թբիլիսիի ռազմավարական դաշնակիցն է համարում եւ միանշանակորեն աջակցում է կապերի սերտացմանը եվրոատլանտյան կառույցների եւ Վրաստանի միջեւ»։

Բացի այդ, հիմնական խնդիրը, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ստիպված է քննարկել Թբիլիսիում, Պանամայի դրոշի ներքո նավարկող «Բուկետ» բեռնանավի թուրք նավապետի ճակատագիրն է։

Աբխազիա վառելիք տեղափոխող եւ վրաց սահմանապահների կողմից ձերբակալված «Բուկետ»-ի նավապետ Մեհմեթ Օզթյուրքին, հիշեցնենք, Փոթիի քաղաքային դատարանը մեղավոր էր ճանաչել Վրաստանի պետական սահմանն անօրինականորեն հատելու եւ մաքսանենգության մեջ` դատապարտելով 24 տարվա ազատազրկման։

Շաբաթ օրը նույն դատարանը ազատ արձակեց «Բուկետ»-ի ողջ անձնակազմին` բացառությամբ նավապետի։ Գրիգոլ Վաշաձեյի խոսքով, Մեհմեթ Օզթյուրքի ճակատագիրը վճռվելու է ամենաբարձ մակարդակով. - «Վաղն արդեն իմ թուրք գործընկերը կհանդիպի Վրաստանի նախագահի հետ։ Այդ հանդիպման ընթացքում կքննարկվի թուրք նավապետի հետագա ճակատագիրը։ Մի հարցում մենք արդեն ընդհանուր հայտարարի եկել ենք` նման միջադեպերն այլեւս չեն կրկնվելու»։

Հարկ է նշել, որ վրացական կողմը Թուրքիայի իշխանություններին հարցի լուծման իր տարբերակն է առաջարկել է։ Պաշտոնական Թբիլիսին առաջարկում է 18 հազար դոլարի տուգանք վճարել, որից հետո «Բուկետ»-ի նավապետը կլքի վրացական բանտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG