Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Վրաստան այցելելու հրավեր է ստացել Միխեիլ Սահակաշվիլիից


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի նախագահին փոխանցել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի լավագույն մաղթանքները եւ Վրաստան այցելելու հրավերը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանն ու Գրիգոլ Վաշաձեն եւս մեկ անգամ ընդգծել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, հայ եւ վրացի ժողովուրդներին կապող դարավոր ամուր բարեկամությունը: Նրանց խոսքով` երկու երկրների միջեւ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների եւ երկխոսության միջոցով:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, մասնավորապես` խոսել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների սակագների, հայ - վրացական սահմանի դեմարկացիոն գործընթացի, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերի մասին:

Անդրադարձ է եղել նաեւ վիրահայությանն առնչվող մի շարք խնդիրների եւ դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ իր երկիրը հարգանքով եւ ուշադրությամբ է վերաբերվում այդ ուղղությամբ հնչեցված բոլոր մտքերին եւ պատրաստ է լրջորեն քննարկել դրանք:

Հայաստանի նախագահը եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, հայ - թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին: Ներկայացնելով վրացական կողմի դիրքորոշումը` Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ բաց սահմանները եւ կարգավորված հարաբերությունները նպաստավոր կլինեն տարածաշրջանի զարգացման եւ ներդրումային մթնոլորտի բարելավման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկու երկրներում ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումների մասին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG