Մատչելիության հղումներ

Կառուցապատողների համար պետական երաշխիքներից օգտվել է ընդամենը 6 շինարարական կազմակերպություն


Երեւան -- Կիսակառույց շինություն Երեւանում, արխիվ

Երեւան -- Կիսակառույց շինություն Երեւանում, արխիվ

Հայաստանում շինարարությունը խթանելու՝ կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում 2009 թվականի ապրիլ-օգոստոս ամիսների դրությամբ շինարարության վարկավորման համար պետական երաշխիքներ են տրամադրվել ընդամենը 6 կառուցապատողների՝ բացառապես Երեւանում։

«Պետական երաշխիք կիսակառույց բազմաբնակարան շենքի ավարտման համար» կառավարության հակաճգնաժամային ծրագրին տարբեր հարցերով դիմել է 25 կազմակերպություն, սակայն դիմումները հիմնականում մերժվել են, պետական ծրագրից այս պահին օգտվում է 6 շինարարական կազմակերպություն, կառավարությունը քննարկում է եւս 2 կազմակերպության դիմումները բավարարելու հնարավորությունները։ Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը այս տվյալները ներկայացրեց վարչապետի օգնական, տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցության աշխատանքային խմբի քարտուղար Դավիթ Հարությունյանը։

«Ընտրությունը կատարվում է շատ խիստ չափորոշիչներով»

Մամուլում վերջերս լուրեր էին շրջանառվում, թե ծրագրից օգտվում են իշխանությանը մոտ կանգնած մարդիկ։ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին՝ պարզաբանել, թե ինչո՞ւ է ընդամենը 6 կազմակերպություն մասնակցում ծրագրին, արդյո՞ք այդքան քիչ թվով կառուցապատողներ կան Հայաստանում, եւ ինչ սկզբունքով են ընտրվում ծրագրերը, Հարությունյանը պարզաբանեց. - «Սա հեշտ գործընթաց չէ։ Մենք ապահովագրել ենք մեզ ոչ շահութաբեր, այսինքն՝ վատ ծրագրերից։ Եթե դուք նայեք փաստաթղթերի ցանկին, մենք այդ ընկերություններին ենթարկում ենք մանրակրկիտ զննման։ Եթե այդ ընկերությունները ունեն վարկային լուրջ պրոբլեմներ, ունեն հարկային պարտավորություններ պետության առջեւ, այդ ընկերություններին պետական երաշխիք չի տրամադրվում։ Այսինքն, ընտրությունը շատ խիստ չափորոշիչների վրա է»։

Նախորդ տարվա համեմատ, 2009-ի առաջին 7 ամիսներին Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 18.5 տոկոսով։ Տնտեսության ճյուղերից տարեկան կտրվածքով ամենամեծ անկումը գրանցվել է հենց շինարարության ոլորտում` կազմելով շուրջ 55,5 տոկոս։

Հայաստանում շինարարությունը խթանելու նպատակով այս տարվա ապրիլի 14-ից կառավարությունը որոշել էր կառուցապատողներին ընդհանուր առմամբ 20 միլիարդ դրամի պետական երաշխիքներ տրամադրել, որոնք շինարարական կազմակերպություններին հնարավորություն են տալիս վարկային միջոցներ ներգրավել առեւտրային բանկերից:

Ծրագրից օգտվող կառուցապատող 6 ընկերություններից մեկի` «Էլիտ Գրուպի» գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իր ներկայացրած ընկերությունը հիմնականում բավարարված է կառավարության ծրագրից. - «Երբ ռիսկերը մեծացել են, բանկերը ռիսկային էին դիտում այդ ոլորտը։ Պետությունը սկսեց այդ ռիսկը վերցնել իր վրա՝ տրամադրելով երաշխիքներ, մնացածը արդեն բանկեր հետ էր բանակցվում, եւ [բանկերի կողմից տրամադրվող վարկերի պայմանները] այսօր եղած շուկայի պայմաններում՝ վատ չեն»։

Պետական ծրագրից օգտվող 6 կառուցապատող ընկերությունների բոլոր կիսակառույցները Երեւանում են, դրանք էլիտար բազմաբնակարան շենքեր են։ Վարչապետի օգնականը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ մարզերից հայտեր չեն ներկայացվել, կարծիք հայտնելով. - «Որովհետեւ, ցավոք սրտի, մեր տնտեսությունը կենտրոնացած է, եւ տնտեսական ակտիվությունը մեծապես գտնվում է Երեւանում»։

Այդուհանդերձ, կառավարությունը շինարարական լայնածավալ ծրագրեր է իրականացնում Երեւանից դուրս։ Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, - «Այսօր, որպես հակաճգնաժամային ամենակարեւոր միջոցառումներից մեկը, լայնածավալ շինարարություն է իրականացվում Աղետի գոտում։ Ընդհանուր առմամբ պետք է ուղղվի մոտ 77 միլիարդ դրամ։ Սարքում են թաղամասեր եւ դրանք անհատույց տրամադրվելու են բնակչությանը»։

Առքուվաճառքի գործարքները ավելացել են 36.1 տոկոսով

«Եթե 2008 թվականի վերջին մենք ունեինք մոտ 88 միլիարդի տրված հիպոթեքային վարկեր, ապա այսօր արդեն 90 միլիարդ թիվը մենք ունենք։ Սա վկայում է շուկայում աշխուժության մասին», - լրագրողներին տեղեկացրեց Դավիդ Հարությունյանը։

Վարչապետի օգնականը հրապարակեց նաեւ Կադաստրի պետական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն 2009
Հունիսին առքուվաճառքի գործարքները ավելացել են մոտ 36,1 տոկոսով։ Սա էական ցուցանիշ է...
թվականի հունիս ամսին առքուվաճառքի գործարքները մայիս ամսի համեմատ ավելացել են մոտ 36.1 տոկոսով։

«Սա էական ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ այն տատանումները, որոնք կային, արդեն անցել են», - ասաց Հարությունյանը։

Վարչապետի օգնականի կարծիքով, առքուվաճառքի շուկայում գրանցված ակտիվության խթանման գործում որոշակի դեր է խաղացել նաեւ այս տարվա հունիսին ստեղծված Ազգային հիպոթեքային ընկերությունը, որտեղ ներգրավված են շոշափելի դրամական միջոցներ։

Հուլիսին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան հայտարարել էր, որ հիմնականում կառավարության կողմից ֆինանսաբանկային ոլորտին տրամադրված միջոցների հաշվին հիմնադրամի հիպոթեքային պորտֆելը կազմել է 17 միլիարդ դրամ։
XS
SM
MD
LG