Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը հանրաքվեի անհրաժեշտություն չի տեսնում


ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը
ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը

Ըստ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի՝ օրերս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները հանրաքվեի դնելու անհրաժեշտություն չկա: Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչը բարձրաձայնեց դրա անկացման անհրաժեշտության փաստարկները:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը, հիշեցնենք նախօրեին տարածած հայտարարությամբ պահանջում է հանրաքվեի դնել օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված երկկողմ հարաբերությունների զարգացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունները՝ զուգակցված երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու Հայաստանի նախագահի վստահության հարցով:

«Ինչ-որ կուլմինացիա չկա, որ հանրաքվեի խնդիր առաջանա», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը ասաց Գալուստ Սահակյանը: - «Եվ երկրորդը, կարող է այդ վեց շաբաթը անցնում է, Թուրքիան ասում է՝ ես չեմ ստորագրում: Հանրաքվե անենք՝ իմանանք, թե Թուրքիան ինչո՞ւ չի ստորագրում: Վերջին հաշվով, այդ փաստաթուղթը եթե նույնիսկ ստորագրվի, դա նախնական ստորագրություն է, որը քննարկվելու ե'ւ խորհրդարանում, ե'ւ հասարակության մեջ: Եվ եթե այդքան վճռական, կոնֆլիկտային բաներ լինեն, ինչ կա՝ կարելի է նաեւ հանրաքվե [անցկացնել]»:

«Երբ Սերժ Սարգսյանը իր թեկնածությունն էր դնում նախագահական ընտրությունների ժամանակ, հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու եւ այսպես արագ հաստատելու [խնդիրը] եւ շրջանակը, որով այժմ տեղի է ունեցել արձանագրությունների նախաստորագրումը, չէր դրել հասարակական դատին, ուստի, քանի որ սա բոլորովին նոր հարթություն է, կարեւոագույն արտաքին հարցն է, նա, բնականաբար, պետք է ունենա հասարակության վստահությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիմնավորելով հանրաքվեի անհրաժեշտությունը, ուրբաթ օրը ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

«Եթե հանրաքվեի անհրաժեշտություն լինի, հավատացնում եմ ձեզ, հանրաքվեն կլինի», - «Բայց այդ հանրաքվեի անհրաժեշտության պարագայում այդ հանրաքվեի հիմնական դրսեւորումները, նկատառումները կարող են իրագործել միայն իշխանությունները»:

Պատմական հարցերով ենթահանձնաժողովի առնչությամբ ընդդիմության հնչեցրած մտահոգությունների կապակցությամբ Սահակյանը հայտարարեց. - «Ցեղասպանության պատմական քննարկումներ Հայաստանը երեւիցի չի կատարելու»: Նրա կարծիքով, նման հանձնաժողովը անգամ ձեռնտու է հայկական կողմին՝ այլ շարժառիթներով. - «Ասենք թե, մենք պիտի կարողանա՞նք, եթե դիվանագիտական հարաբերություններ ենք սկզբնավորում, դաշտ ունենալ, որպեսզի վերականգնենք մեր հուշարձանները, եկեղեցիները, տեղանունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG