Մատչելիության հղումներ

Time. «Եվրոպայի վերջին փակ սահմաններից մեկը կարող է վերջապես բացվել»


Հայաստան - Երկաթգիծը հայ - թուրքական փակ սահմանի մոտ

Հայաստան - Երկաթգիծը հայ - թուրքական փակ սահմանի մոտ

Եվրոպայի վերջին փակ սահմաններից մեկը կարող է վերջապես վերաբացվել, - գրում է հեղինակավոր Time պարբերականը ուրբաթ օրը հրապարակած «Թուրքիա - Հայաստան խաղաղ բանակցություններ. ջերմացո՞ւմ հարյուրամյա թշնամությունից հետո» վերնագրված հոդվածում:

«Թուրքիան եւ Հայաստանը անհաշտ թշնամիներ են եղել գրեթե մեկ դար, նրանց միջեւ լարվածությունը սկիզբ է առնում օսմանյան Թուրքիայի բանակի կողմից հարյուր հազարավոր հայերի 1915 թվականի կոտորածից: Թուրքիան միշտ հերքել է, թե այդ կոտորածները ցեղասպանություն են», - գրում է հոդվածագիր Փելին Թուրգութը: - «Երկու երկրների միջեւ սահմանը կարճ ժամանակով բացվեց, երբ 1991 թվականին հետխորհրդային Ռուսաստանից անջատվեց անկախ Հայաստանը, սակայն երկու տարի անց Թուրքիան փակեց սահմանը` իր համերաշխությունը ցույց տալով վիճելի անկլավ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին»:

«Այժմ Եվրոպայի վերջին փակ սահմաններից մեկը կարող է վերջապես վերաբացվել: Սեպտեմբերի 1-ին Թուրքիան եւ Հայաստանը հայտարարեցին Շվեյցարիայի միջնորդությամբ վեցշաբաթյա բանակցությունների մասին` միտված դիվանագիտական հարաբերությունների նորմալացմանը: Նպատակն այն է, որպեսզի երկու խորհրդարանները վավերացնեն համաձայնությունը մինչեւ հոկտեմբերի 14-ը, երբ կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը երկու երկրների հավաքականների միջեւ: Այդ դեպքում սահմանը կարող է բացվել մինչեւ տարեվերջ», - գրում է Time-ը:

«Նավթի եւ գազի խողովակաշարերով պատված Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովումը դարձել է առաջնայնություն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար», - նշում է հոդվածագիրը: - «Օբամայի վարչակազմը ազդարարել է, որ թուրք - հայկական կապերի վերականգնումը իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է»:

«Սակայն պատմությունը հզոր խափանարար է աշխարհի այս մասում, եւ նախկինում բանակցությունները փլուզվել են դրա ծանրության տակ: Կոշտ գծի կողմնակիցները երկու երկրներում արդեն ցասումով դատապարտում են նոր խաղաղ ծրագիրը», - նկատում է հոդվածագիրը:

Այդուհանդերձ, Բրյուսելում գործող Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Հյու Փոփը համոզմունք է հայտնել, որ «Թուրքիան եւ Հայաստանը խիզախ քայլ են ձեռնարկել, եւ երկուսն էլ կշահեն, եթե այն հաջողությամբ պսակվի»:

Վերլուծաբանի կարծիքով, սահմանի բացումը կնպաստի նաեւ տարածաշրջանում «ծանրքաշային» դառնալու` Թուրքիայի ձգտումների իրականացմանը:

«Հաջողության դեպքում այդ բանակցությունները կարող են Թուրքիային վերադարձնել նրա վերջերս խամրած հեղինակությունը որպես ներքին բարեփոխիչ, որպես տարածաշրջանային խաղաղարար եւ որպես երկիր, որը լրջորեն առաջ է ընթանում Եվրամիությանը իր անդամակցության գործընթացում», - ընդգծել է Փոփը:

Շրջափակված Հայաստանի համար, նշում է հոդվածագիրը, բաց սահմանը կնշանակի հսկայական տնտեսական օգուտներ:

Կարսի առեւտրի պալատի նախագահ Ալի Գույենսոյը, իր հերթին, կարծիք է հայտնել, որ սահմանի բացման դեպքում շրջանի տնտեսությունը կարող է աճել 20 տոկոսով, ինչի կարիքը այնքան զգում է աղքատ շրջանը:

«Անցյալը անցյալ է: Մենք պետք է նայենք դեպի ապագա», - ասել է Գույենսոյը:

«Առեւտրի, մարդկային շփումների եւ երկխոսության սկսվելուն պես կհեշտանա ավելի բարդ թեմաների շուրջ ընդհանուր եզրեր գտնելը», - համոզմունք է հայտնել Ստամբուլում գործող TESEV հետազոտական կենտրոնի վերլուծաբան Այբարս Գորգուլուն:

«Ժամանակ, գուցե տարիներ կպահանջվեն, որպեսզի Թուրքիան եւ Հայաստանը հաղթահարեն տասնամյակների փոխադարձ անվստահությունը: Սակայն հնարավոր է, որ նոր խաղաղ բանակցությունների հայտարարման հետ մեկտեղ մեկնարկած լինի այդքան ուշացած ջերմացման գործընթացը», - ամփոփում է իր հոդվածը Փելին Թուրգութը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG