Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյան. «Այս ընթացքը համարում եմ խիստ վտանգավոր»


Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Միացում» ազգային նախաձեռնության ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը խիստ վտանգավոր է համարում վերջին զարգացումները հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

«Ես այս ընթացքը համարում եմ խիստ վտանգավոր, այն իմաստով, որ հայ - թուրքական հարաբերությունների հովանավորը լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգները` կարծես Այսրկովկաս ներխուժելու ծրագրի սկիզբն է այս ամենը ինձ հուշում, եւ դրա արդյունքում, բնականաբար, խախտվելու է մեր տարածաշրջանում անվտանգության հավասարակշռությունը, որ երկար տարիներ պահպանվում էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Սեֆիլյանը` հավելելով. - «Մենք` հայերս գիտենք, թե այդպիսի խախտումների պատճառով հայ ժողովուրդը ինչպիսի վնասներ է կրել պատմության ընթացքում»:

Անդրադառնալով օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված երկու արձանագրությունների բովանդակությանը` Ժիրայր Սեֆիլյանը ասաց. - «Ինչքան էլ որ այս ռեժիմի պարագլուխները առավոտից գիշեր փորձեն հերքել եւ հերթական անգամ ստել, որ այդ բովանդակությունում գոյություն չունի Արցախի հարց, գոյություն չունի ցեղասպանության կասկածի տակ առնելու երեւույթ, գոյություն չունի Կարսի պայմանագրի քննարկում եւ հաստատում, բոլորը անիմաստ է, որովհետեւ այդտեղ, այո, այդ բառերով գրված չեն, սակայն սեւով սպիտակի վրա գրված է այդ բոլորի բովանդակությունը»:

Նրա կարծիքով` «հայ ժողովուրդը իր մեջ ուժ գտնելու է եւ թույլ չի տալու, որ այսպիսի համաձայնագիրը հանկարծ պայմանագրի վերածվի»:

Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման եւ մինչեւ տարեվերջ հայ - թուրքական սահմանի բացման հնարավորությանը վերաբերող հարցին Սեֆիլյանը արձագանքեց. - «Ես չէի ուզենա այդքան հեռու գնալ, ես ավելի շատ կուզեի, որ մենք` հայերս փորձեինք մեր ներուժը օգտագործել մի գործի ուղղությամբ, դա է` ոնց կանխել այս ընթացքը: Եթե մենք հույսներս դնելու ենք, թե թուրքերը կարող է ձգձգեն սա եւ կարող է ստորագրեն կամ չստորագրեն, ուշ ստորագրեն` կարծում եմ, ճիշտ չէ մեր կողմից այդպես մտածելը առհասարակ»:

«Միացում» նախաձեռնության կազմակերպած «Ոչ մի թիզ հայրենի հողից» խորագրով հատուկ հավաք-քննարկման արդյունքում հինգշաբթի ուշ երեկոյան ընդունվել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. - «Արցախյան ու հայ - թուրքական հիմնահարցերի շուրջ զիջումների գնալու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն ու բոլոր փորձերը չեն կարող այլ կերպ որակվել, քան` համազգային շահերի դավաճանություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG