Մատչելիության հղումներ

Economist. «Տասնամյակներ տեւած թշնամանքից հետո արդյո՞ք Հայաստանը եւ Թուրքիան մոտ են խաղաղությանը»


«Երկու ոխերիմ թշնամիների հարաբերությունների բարելավումը կարող է շատ ժամանակ պահանջել։ Տասնամյակներ տեւած թշնամանքից հետո արդյո՞ք Հայաստանը եւ Թուրքիան մոտ են խաղաղությանը», - գրում են Economist հեղինակավոր հանդեսի վերլուծաբանները «Ֆուտբոլային դիվանագիտություն» վերնագրած ծավալուն հոդվածում:

«Երկու կառավարությունները որոշել են նախքան դիվանագիտական հարաբերություններ հաստատելն ու սահմանը բացելը ներքաղաքական քննարկումներ անցկացնել։ Բարեկամության հույսը ծագել էր անցյալ տարվա սեպտեմբերին, երբ նախագահ Աբդուլա Գյուլը, ընդունելով նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը, մեկնել էր Հայաստան` դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Թուրքիա հանդիպումը, որը հայերը տանուլ տվեցին», - գրում է Economist-ը:

«Այս տարվա ապրիլին արդեն խոսք եղավ համապարփակ համաձայնության, այդ թվում` սահմանը բացելու մասին։ Թուրքերն այն փակել էին 1993-ին` այդպիսով համերաշխություն հայտնելով Ադրբեջանին, որը տանուլ էր տվել Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ մղած պատերազմը։ Նախկինում Թուրքիան պնդել է, որ կբացի սահմանը միայն այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն կկնքեն։ Ապրիլին թուրքերը վերանայեցին այդ սկզբունքը: Հիմնական նպատակն էր` կանխել ամերիկյան Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը։ Դա հաջողվեց` նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի ուղերձում չկիրառեց այդ տերմինը»։

Դրանից օրեր անց վարչապետ Ռեջեփ Էրդողանը վերստին փորձեց Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կապել Ղարաբաղի խնդրի հետ, ինչը Economist-ը բացատրում է Թուրքիայի ներսում ազգայնական շրջանակների դժգոհությամբ եւ դեպի Ռուսաստան շրջվելու մասին Ադրբեջանի արած ակնարկներով։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դրան արձագանքեց, թե հոկտեմբերի 14-ին պատասխան խաղը դիտելու համար Թուրքիա չի մեկնի, քանի դեռ սահմանը բաց չէ կամ առկա չէ դրա իրական հեռանկարը։

Նշելով, որ ներքաղաքական քննարկումների համար հատկացված ժամկետը սպառվում է հենց պատասխան խաղից առաջ, Economist-ը հավելում է, որ երկու երկրներում էլ ընդդիմությունը թշնամանքով է ընդունում գործարքը։

«Հայաստանում ազգայնականները Սարգսյանին դատապարտում են ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու համար, քանի որ գործարքը ենթադրում է պատմական հարցեր ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծում։ Բացի այդ, նրան մեղադրում են «Ղարաբաղը ծախելու» մեջ։ Ներքաղաքական դժգոհությունը մեղմելու, գուցեեւ թուրքերին անհարմար վիճակի մեջ դնելու համար Հայաստանը հրապարակել է ապրիլյան համաձայնությունների ամբողջական տեքստը, որում Ղարաբաղը հիշատակված չէ»։

«Թուրքիայի արձագանքն էլ հակասական է` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հույս է հայտնել, որ սահմանը կբացվի մինչեւ տարեվերջ, բայց միաժամանակ ընդգծել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարատեւ խաղաղությունը հնարավոր է միայն Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պարագայում»։

«Հայ - ադրբեջանական երկարատեւ բանակցություններն անորոշ վիճակում են։ Հայ - թուրքական երկխոսության վերաբերյալ պարոն Դավութօղլուի առավել ճշգրիտ գնահատականն այն է, որ Հայաստանը եւ Թուրքիան գտնվում են երկարատեւ գործընթացի սկզբնական փուլում», - նշում են Economist-ի վերլուծաբաններն ու հավելում, որ «ոչ ոք չի կարող ասել, թե որքան երկար կարող է լինել այդ գործընթացը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG