Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 4-ի մամուլ


«Ազգ»-ի խմբագիրը գրում է. - «Սառը, կշռադատ մոտեցումների պահն է: Պատմական պահ: 91 տարի հետո, փաստորեն, Թուրքիան պատրաստակամություն է հայտնում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ: 16 տարի հետո համաձայնում է վերաբացելու իր սահմանը մեր երկրի հետ եւ իր մասով, փաստորեն, վերացնելու շրջափակումը, նմանօրինակ քայլի կամ ինքնաշրջափակման մղելով Ադրբեջանին: Սակայն համաձայնագիրն իր ներկա վիճակում պարունակում է նաեւ մեզ համար խիստ վտանգավոր, տարողունակ զիջումներ, ճակատագրական հետեւանքներով հղի: Առաջին հերթին՝ մեր երկիրն ու ժողովուրդը բնավ փորձ չունեն անհամեմատ ավելի հզոր երկրի հետ հավասարը հավասարի բնականոն հարաբերություններ վարելու... Հաջորդ խումբը վտանգների վերաբերում է ղարաբաղյան հարցին: Այո, համաձայնագրում ոչինչ չկա այդ մասին, բայց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացումը վերջինիս ձեռքերն ազատելու է տարատեսակ միջամտություններ կատարելու՝ թեկուզ... բարեկամաբար:
Բայց հոգեբանական եւ մինչեւ օրս վարված ազգային քաղաքականության տեսակետից ծանրագույն հարվածը հասնելու է Հայ դատին: Այսուհանդերձ, այս եւ բազմաթիվ հարցերի քննարկման, ծանրութեթեւ անելու, հետեւանքները մոտիկ թե հեռավոր ապագայի տամար կշռադատելու ժամանակ կա դեռ»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Եթե Ղարաբաղի հարցում չի լինում ոչ մի տեղաշարժ, եւ ստատուս քվոն պահպանվում է, հայ-թուրքական հարաբերության կարգավորումը ինքնին կորցնում է իր ամբողջ իմաստը: Միջազգային հանրության, համաշխարհային քաղաքականության կենտրոնների համար որեւէ նշանակություն չունի, որ Թուրքիայից ճանապարհը հասնում է մի քիչ ավելի երկար՝ Հայաստան, եթե այն կրկին կանգ է առնում հայ-ադրբեջանական սահմանին: Հետեւաբար, հայ-թուրքական բաց սահմանը տարածաշրջանային եւ միջազգային իմաստ է ստանում այն դեպքում, երբ Թուրքիայից հասնում է առնվազն Կասպից ծով: Դա նշանակում է, որ եթե Ղարաբաղի հարցը չի լուծվում, հայ-թուրքական հարցում ջանքերը, որ ակնհայտորեն թափում է միջազգային հանրությունը, դառնում են բացարձակապես անիմաստ: Մնում է, ըստ էության, մեթոդոլոգիական մի հարց՝ Ղարաբաղյան հարցում կարգավորման առաջընթաց ապահովել հայ-թուրքականի՞ առաջընթացի միջոցով, թե՞ հակառակը՝ հայ-թուրքականում հեշտ կլինի առաջընթաց ապահովել Ղարաբաղի հարցի միջոցով»:

«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Ադրբեջանը եւս մտադիր չէ «արյունակից եղբորը» թույլ տալ անտեսել իր շահերը: «Ռեգնում» գործակալության հաղորդումներով, հայ-թուրքական հարաբերությունների հարցի քննարկման նպատակով Ադրբեջանի նախագահի վարչակազմում տեղի է ունեցել արտակարգ խորհրդակցություն: Հայտնվում է, որ Իլհամ Ալիեւը երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է ակտիվացնել շփումները թուրք գործընկերների հետ, ինչպես նաեւ ապահովել ադրբեջանական դիրքորոշման առավել համապարփակ ներկայացնելը թուրքական մամուլի միջոցներով: Բացի այդ, Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությանը հանձնարարվել է անմիջական երկխոսություն հաստատել Թուրքիայում ադրբեջանական շահերի ազդեցիկ լոբբիստների հետ, ինչպես նաեւ ուսումնասիրել թուրքական գավառներում էթնիկ ադրբեջանցիներին ակտիվացնելու հնարավորությունները: Տեղեկացվում է, որ առաջիկայում բացառված չէ հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման դեմ բողոքի գործողությունների վերսկսումը Թուրքիայի մի շարք շրջաններում: Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ նախատեսվում է նաեւ թուրքական կապիտալով տնտեսվարող բոլոր սուբյեկտների լայնամասշտաբ ստուգումների անցկացումը Ադրբեջանի հարկային մարմինների կողմից»:

«Իրավունք»-ի մեկնաբանը զրուցել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել Դաշնակցության կեցվածքը: Շարմազանովն ասում է. - «Դաշնակցությունը երբ եղել է կոալիցիայի անդամ, երբ դեռեւս ընդունվել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ծրագիրը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է. «Հայաստանի Հանրապեությունը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման կողմնակից է հարեւան Թուրքիայի հետ»: Սա կարող են բացել եւ կարդալ բոլորը: Ոչ մի անգամ նրանք չեն ընդվզել»: Մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը՝ Շարմազանովը ասում է. - «ՀԱԿ-ի ասածը լրիվ տարօրինակ է: Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ իշխանությունները երբեք չեն եղել Ցեղասպանության ճանաչման ջատագով՝ ի տարբերություն այսօրվա վարչակարգի: Սա ընդամենը շահարկում է, պարզապես պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը ճանաչի անհաջողությունները կանխատեսումների բնագավառում: Մինչ այդ կոնգրեսական ասուլիսներում նրանք խոսում էին, որ Ղարաբաղի հարցը կդառնա նախապայման: Եվ ի վերջո, կարող է Կոնգրեսը նայել ճշմարտության աչքերին ուղիղ եւ ասել, որ այս պահին նախագահ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի դիվանագիտություն ունի լրջագույն հաջողություն»:

«Առավոտ»-ի մեկնաբանը զրուցել է մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Հարցին, թե քանի որ Կոնգրեսը հրաժարվեց համագործակցել, հանձնաժողովը փաստերը չի՞ ստուգելու, պահեստները չի՞ գնալու, զորամաս չի՞ գնաու, եւ տեղեկատվությունը, որ ներկայացվեց, մնալու է, ըստ էության, օդո՞ւմ, Նիկոյանը պատասխանել է. - «Ոչ, մենք կանենք: Բայց ես ուզում էի, որ միասին անեինք, որովհետեւ մենք աշխատելու ենք, իսկ իրենք ասելու են՝ «կոծկել են»: Դրա համար, որպեսզի այդ բառը չասեն, մենք իրենց հրավիրում ենք՝ եկեք միասին գնանք, ինքներդ տեսեք, նկարեք, ձայնագրեք, որ հետո չասեք, թե հանձնաժողովը կոծկել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG