Մատչելիության հղումներ

Թուրք ազգայնականները դեմ են հայ-թուրքական հաշտեցմանը


Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին հինգշաբթի օրը հայտարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական արձանագրությունները։

Կուսակցության պաշտոնական կայքէջում զետեղված հայտարարության մեջ նշված է. - «Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացի սկիզբն ու հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը «Արդարություն եւ զարգացում» կուսակցության սկզբունքներից զուրկ արտաքին քաղաքական կուրսի եւս մի դրսեւորումն է»։

Բահչելին իր հայտարարության մեջ նաեւ պնդում է, որ արձանագրությունների ի հայտ գալը վկայում է, որ պաշտոնական Անկարան համաձայնել է հայկական կողմի ներկայացրած բոլոր պահանջներին. - «Վարչապետն ու նրա կառավարությունը տեղի են տալիս արտաքին ճնշմանը, վարում են քաղաքականություն, որը կարելի է բնութագրել մեկ բառակապակցությամբ` ոչ մի խնդրի հարեւանների հետ»։

«Այդ քաղաքականությունը կործանում է Թուրքիայի պատիվն ու հպարտությունը», - նշված է Բահչելիի հայտարարության մեջ։

Թուրք գործչի համոզմամբ, սակայն, երկրի խորհրդարանում արձանագրությունների վավերացումը կանխելը գործնականում անհնարին է լինելու:

«Թուրքիայի խորհրդարանը արձանագրությունների տեքստը փոփոխության ենթարկելու որեւէ լիազորություն չունի։ Արձանագրությունները կա'մ պետք է ընդունվեն ամբողջությամբ, կա'մ էլ ամբողջությամբ մերժվեն։ Իշխող կուսակցության պատգամավորները, որոնք վարչապետի հավատարիմ նոտարների են վերածվել, վավերացման համար բավարար թվով քվեներ կապահովեն», - կանխատեսել է Բահչելին՝ այդուհանդերձ, հավելելով. - «Խորհրդարանական քննարկումների ժամանակ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորները ամեն կերպ փորձելու են բացատրել վարչապետին իր մեղքն ու պատասխանատվությունը` ժողովրդի ու պատմության առջեւ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG