Մատչելիության հղումներ

logo-print

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը բանակցություններ չի վարում Ադրբեջանի հետ` կազմակերպությանը վերջինիս անդամակցության հարցի շուրջ», - Մոսկվա-Երեւան հեռուստակամրջի շրջանակներում հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին։

Բորդյուժան անդրադարձավ նաեւ այն հարցին, թե արդյո՞ք կազմակերպության շրջանակներում ձեւավորվող արագ արձագանքման հավաքական ուժերի համար ստեղծվելու են առանձին ռազմակայաններ, թե՞ ոչ։ Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ այդ ուժերի անվան տակ Ռուսաստանը կարող է լրացուցիչ զորամիավորումներ տեղակայել Հայաստանում։ Բացի այդ հայտնի է, որ կովկասյան ուղղությամբ նախատեսված այդ զորամիավորումների ձեւավորմանն իրենց մասնակցություն են բերելու նաեւ Հայաստանի զինված ուժերը, եւ առաջիկայում կայանալու են արագ արձագանքման ուժերի առաջին զորավարաժությունները։

«Հայաստանը հանդիսանում է արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագրի անդամ եւ այդ նպատակով առանձնացրել է համապատասխան բանակային եւ հատուկ նշանակության ուժեր` ազգային անվտանգության ու ներքին գործերի մարմիններից։ Այս պահին մենք պատրաստվում ենք առաջիկա զորվարաժություններին», - ասաց Բորդյուժան՝ հավելելով. - «Ինչ վերաբերում է ստորագրված համաձայնագրին, ապա այդ փաստաթղթով նախատեսված չէ արագ արձագանքման հավաքական ուժերի շրջանակներում ստեղծել մշտական ինչ-որ կառույցներ։ Հայաստանի կողմից արագ արձագանքման հավաքական ուժերի համար առանձնացված միավորումները գտնվում են իրենց մշտական տեղակայման վայրերում եւ կօգտագործվեն այն դեպքերում, եթե կոնկրետ ռազմական խնդիրների լուծման համար նման անհրաժեշտություն առաջանա»։

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը խոսեց նաեւ վերջերս ռուսական ու հայաստանյան լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկության մասին, թե հնարավոր է, որ առաջիկայում Ռուսաստանի տարածքում` Դաղստանում եւ Կրասնոդարի երկրամասում, Հայաստանը ստեղծի երկու ռազմակայաններ` պաշտպանելու Հանրապետության համար կարեւոր տրասնպորտա-հաղորդակցական ուղիները։ Ընդ որում, որպես սկզբնաղբյուր հղում էր արվում ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի անանուն աղբյուրներին։ Բորդյուժան հերքեց նաեւ այդ տեղեկությունը` ասելով, թե ՀԱՊԿ-ի շրջանակներում նման բանակցություններ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ չեն վարվել ու չկա որեւէ պայմանավորվածություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG