Մատչելիության հղումներ

3 «Օսկար», 5 «Գրեմմի», 3 «Սեզար», 12 «Ոսկե գլոբուս», ավելի քան 100 ձայնագրված ալբոմներ եւ երաժշտություն 200-ից ավելի ֆիլմերի համար: Սրանք կոմպոզիտոր, դաշնակահար ու գործիքավորող Միշել Լեգրանի ստեղծագործական բեղուն գործունեության նյութական արդյունքներն են:

Համաշխարհային մեծ հեղինակություն վայելող երաժիշտն առաջին անգամ լիարժեք մենահամերգ կունենա Երևանում: Սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում Միշել Լեգրանի հետ միասին հանդես կգան նրա քույրը` երգչուհի Քրիստիան Լեգրանը, եւ կինը` տավղահար Քաթրին Միշելը:

Ֆրանսիական երաժշտության լեգենդի հետ բեմ կբարձրանա նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Վերջինս Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի որդին է, եւ դեսպանատունը համերգի աջակիցների շարքում է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հատկապես ինչով է պայմանավորված հենց այս նվագախմբի ընտրությունը, համերգի կազմակերպիչներից Լեւոն Մալխասյանը արձագանքեց, թե այս օրերին սա միակ համեմատաբար ազատ նվագախումբն է, քանի որ սեպտեմբերին Արամ Ղարաբեկյանը զբաղված է Բաց երաժշտություն փառատոնով: Մենք տեղյակ ենք նաեւ, որ Էդուարդ Թոփչյանն էլ այդ օրերին Երևանյան 3-րդ երաժշտական փառատոնն է իրականացնում:

Համերգի ծրագրում նախատեսված են Լեգրանի ստեղծագործությունները` գրված մի շարք հանրահայտ ֆիլմերի համար` այդ թվում Ժակ Դեմիի «Շերբուրգյան հովանոցներ»-ի երաժշտությունը, որը համաշխարհային հռչակ ու առաջին «Օսկար»-ը բերեց Լեգրանին:

Լեգրանը երեւանյան համերգի ժամանակ կկանգնի նաեւ դիրիժորական վահանակի մոտ, նաեւ կկատարի ջազային ստանդարտներ: Նա առաջին եվրոպացի երաժիշտն էր, ով համատեղ ծրագրեր իրականացրեց ամերիկյան ջազի մեծ անունների` Մայլս Դեւիսի, Բիլ Էվանսի եւ ուրիշների հետ:

1954 թվականին` ընդամենը 22 տարեկան հասակում, նա թողարկել է «Ես սիրում եմ Փարիզը» դեբյուտային ալբոմը, որը շատ կարճ ժամանակում բացարձակ առաջատար դարձավ գործիքային երաժշտության ալբոմների մեջ:

Միշել Լեգրանն իր հայկական ծագման համար պարտական է մորը` դաշնակահուրի Հայկանուշ-Մարսել Տեր-Միքայելյանին: Նրա հայրը ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանն է: Իր հայկական արմատներով Լեգրանը միշտ հպարտացել է, մինչեւ տասը տարեկանը դաստիարակվել է պապի` Ցեղասպանության հետեւանքով Ֆրանսիայում հայտնված Սարգիս Տեր-Միքայելյանի կողմից:

Երեւանյան համերգից անմիջապես հետո Միշել Լեգրանը կմեկնի Մոսկվա, որտեղ նրա համերգին սպասում են սեպտեմբրի 18-ին: Ի դեպ, Հայաստանում Լեգրանի համերգը կազմակերպելու հարցում նորից հայկական կապերն են աշխատել: Միշել Լեգրանի պրոդյուսերներից մեկը, ով նրա համերգների պատասխանատուն է ԱՊՀ տարածքի համար, ազգությամբ հայ է` Սուրեն Ապիկյան, ով նաեւ Շառլ Ազնավուրի պրոդյուսերներից է եւ Լեւոն Մալխասյանի մտերիմ ընկերներից մեկը:

Մեր ժամանակների ամենահայտնի ֆրանսիացի երաժիշտներից մեկը Երեւան կժամանի սեպտեմբերի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG