Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական արձանագրությունները արժանանում են ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների գրեթե հակադիր գնահատականների


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը եւ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնակագահ Վազգեն Կարախանյանը միանգամայն տարբեր գնահատականներ են տալիս նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններին:

Դավիթ Շահնազարյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ նախօրեին հնչեցրած հայտարարությանը, թե օգոստոսի 31-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում «թաքնված բաներ» չկան, ասաց, որ բացահայտորեն գրվածն իսկ «ավելի քան մտահոգիչ է»:

«Ցավալի է, որ Հայաստանի արտգործնախարարությունը չգիտի մի շատ պարզ դիվանագիտական ճշմարտություն՝ «սատանան մանրամասների մեջ է»: Թաքնված որեւէ բան չկա, բայց այն, ինչ բացահայտորեն գրված է, արդեն ավելի քան մտահոգիչ է», - հավելեց Շահնազարյանը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վազգեն Կարախանյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ համաձյան է արտգործնախարարի հետ՝ թեեւ ինքն էլ ունի որոշ մտահոգություններ. - «Որովհետեւ արձանագրության փաստաթուղթը բավական տարողունակ է եւ իր մեջ էլեմենտներ ունի, որոնք դեռ տեսակավորելու, կոնկրետ առարկայական ձեւով ներկայացնելու խնդիր կա»:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ, արձանագրությունները նախաստորագրվեցին Թուրքիայի համար «հարմար պահին». - «Թուրքիան այս փաստաթղթերը դրել էր դարակը եւ սպասում էր Ղարաբաղի հարցում ինչ-որ բանի: Այս վեց շաբաթվա ժամկետը ինչ-որ իմաստով, իհարկե, դրական է, որ սահմանափակում է մտցրել, որ Թուրքիան չկարողանա ինչ ուզում է անել: Միաժամանակ, ակնհայտ է նաեւ մի բան՝ այս վեց շաբաթվա ընթացքում այն ակտիվությունը, որ կա Մինսկի խմբում առնվազն պահպանվելու է: Ինչքան էլ ասեն, Թուրքիայի համար Լեռնային Ղարաբաղի հարցը քաղաքական նախապայման է այս ամենի համար»:

Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում Թուրքիան շահելու է՝ Հայաստանի զիջումների հաշվին:

«Թուրքիան արդեն ինչ-որ հարցեր ստանալու է որպես բոնուս», - շարունակեց նա: - «Թուրքիան ստիպված էր լինելու առանց որեւէ ենթահանձնաժողովի, առանց որեւէ նման պայմանի բացելու սահմանը»:

Վազգեն Կարախանյանի համար, սակայն, առաջընթացը արտաքին քաղաքականության ոլորտում «ակնհայտ է». - «Սերժ Սարգսյանի գլխավորությամբ արտաքին հարաբերություններում որդեգրած կուրսը բավականին նորմալ է: Մենք երկարատեւ անգործունեությունից հետո մտել ենք նոր հորիզոններ»:

Կոնգրեսի ներկայացուցիչը, մինչդեռ, այսպիսի հեռանկար է տեսնում. - «Սահմանը կբացվի միմիայն, երբ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում Հայաստանի կողմից արված զիջումների արդյունքում լինի հայկական զորքերի հետքաշում որոշակի տարածքներից, որոնք այսօր Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտիներ են: Բացառապես դրանից հետո կարող է ինչ-որ բան լինել, եւ Հայաստանի իշխանություններն էլ շատ լավ դա հասկանում են»:

Անդրադառնալով պատմաբանների ենթահանձնաժողովին առնչվող ձեւակերպումներին՝ Շահնազարյանը ասաց. - «Կարող եք չկասկածել, որ Թուրքիան շատ լրջորեն պատրաստվել է, եւ այդ հանձնաժողովը ստեղծվելուց հետո հսկայական աշխատանք է կատարելու, փորձելու է հող նախապատրաստել, որ իսկապես Ցեղասպանություն չի եղել, փորձելու է մեծ քանակությամբ փաստեր հորինել, թե ինչպես են հայերը սպանել թուրքերին, ստեղծել խնդիր այն հարցում, որը ընդունված է ոչ միայն Հայաստանի կողմից, այլեւ աշխարհի շատ ու շատ պետությունների կողմից: Դա արդեն շատ մեծ պարգեւ է Թուրքիային»:

Այս կապակցությամբ Կարախանյանը ասաց. - «Ես չեմ կարծում, որ վաղը Ֆրանսիայի նախագահը պիտի ասի՝ գիտեք ինչ, այ այդ հանձնաժողովը աշխատեց, ավարտեց, կներեք, միջազգային հանրություն, սխալվել եմ, որ ընդունել եմ [Ցեղասպանությունը]»:

Դավիթ Շահնազարյանի խոսքով, Հայաստանն այսօր խնդիրների առջեւ չէր կանգնի, եթե իշխանությունն այլ կերպ դրսեւորեր իրեն նախ Հայաստանում. - «Պետք է Հայաստանը վերածեր ամբողջովին բռնատիրական երկրի, զավթեր իշխանությունը, բանտերը լցներ քաղբանտարկյալներով եւ իր լեգիտիմության պակասը լրացներ աննախադեպ զիջումներով արտաքին քաղաքական հարցերում»:

Ամփոփելով՝ Շահնազարյանը ասաց. - «Արդյունքում իսկապես Թուրքիան ավելի շահած է դուրս գալիս այս ամենից, իսկ Հայաստանի համար որեւէ շահեկան փաստ այստեղ չկա»:
XS
SM
MD
LG