Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը պահանջում է հանրաքվե եւ դիմելու է Սահմանադրական դատարան


«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է հանրաքվեի դնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օգոստոսի 31-ին նախաստորագրված երկու արձանագրությունները` «զուգակցված երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով», եւ տեղեկացնում է, որ այդ փաստաթղթերի առնչությամբ դիմելու է Սահմանադրական դատարան:

«Մշտապես կարեւորելով Հայաստանի եւ Թուրքիայի` որպես հարեւան երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորումը, երկու ժողովուրդների միջեւ առկա խորը անվստահության զգացողության փարատումը եւ լարվածության մեղմացման անհրաժեշտությունը, «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցությունը այդուհանդերձ անթույլատրելի ու անընդունելի է որակում թե' Հայաստանի իշխանությունների, թե' միջազգային հանրության կողմից հասարակությանը կայացած փաստերի առաջ կանգնեցնելու արատավոր գործելաոճը», - ասված է կուսակցության հինգշաբթի օրվա հայտարարությունում:

«Ժառանգություն»-ը նաեւ վրդովված է, որ «ամիսներ շարունակ ՀՀ իշխանությունների ու միջազգային դիվանագետների կողմից ներկայացվել է, թե հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը երկուստեք ընթանում է առանց նախապայմանների, մինչդեռ հրապարակված երկու արձանագրությունները վկայում են, որ 1991 թվականից հայ եւ միջազգային հանրությանը քաջ հայտնի թուրքական նախապայաններն ուղղակիորեն տեղ են գտել դրանցում»:

Կուսակցությունը ահազանգում է, որ «նախաստորագրված երկու արձանագրությունների այս տեսքով վավերացումը կործանարար ազդեցություն եւ անդառնալի հետեւանքների է հանգեցնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, որտեղ Հայաստանը Թուրքիային նվիրաբերում է «ադրբեջանական տարածքային ամբողջականության շրջանակներում նրա հողերի բռնավազթումից խոսելու» իրավունքը, մինչդեռ իրեն զրկում է իր հայրենիքը Թուրքիայի կողմից բռնազվթված լինելու պատմական փաստերից խոսելու իրավունքից»:

«Ժառանգություն»-ը պահանջում է «մինչեւ արձանագրությունների վերջնական ստորագրումն ու վավերացումը դրանց վերաբերյալ հանրության կարծիքը ամփոփելու նպատակով առաջիկա 6 շաբաթների ընթացքում հանրաքվեի դնել համաձայնեցված փաստաթղթերը` զուգակցված երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով»:

Ընդդիմադիր կուսակցությունը տեղակացնում է, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկից սկսած` նախաձեռնելու է նման հանրաքվե անցկացնելու ստորագրահավաք, երկկողմ քննարկումներ եւ խորհրդակցություններ է սկսելու ընդդիմադիր, ինչպես նաեւ ոչ ընդդիմադիր այն կուսակցությունների հետ, ում դիրքորոշումները եւ քայլերը նշված հարցով ամբողջովին կամ մասամբ համընկնում են իր դիրքորոշումների հետ, դիմելու է Սահմանադրական դատարան` «ՀՀ Սահմանադրության տառին եւ ոգուն, այդ թվում` պրեամբուլայում ամրագրված նպատակներին նախաստորագրված արձանագրությունների համապատասխանությունը քննելու պահանջով», ձեռնարկելու է այլ քայլեր եւս:

«Ժառանգություն»-ը «դիմում է Ազգային անվտանգության խորհրդին` խնդրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի եւ մասնագիտական շրջանակների մասնակցությամբ նիստ հրավիրելու պահանջով», ինչպես նաեւ «ակնկալում է ԼՂՀ ղեկավարության եւ հասարակական-քաղաքական շրջանակների դիրքորոշումը սույն արձանագրությունների վերաբերյալ, որոնք միանշանակ անդրադառնալու են ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման հետագա գործընթացի վրա»:
XS
SM
MD
LG