Մատչելիության հղումներ

Թուրքիայի հայ համայնքում միակարծիք չեն հայ - թուրքական համաձայնության առնչությամբ


Թուրքիայի հայերը ողջունում են երկու հարեւան պետությունների հարաբերությունների մեջ արձանագրված տեղաշարժը, քանի որ վաղուց սպասում էին երկու հարեւանների միջեւ դրական մթնոլորտի հաստատման: Այդ մասին ասաց Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շաբաթասկզբին ձեռք բերված համաձայնությունները:

Նրա խոսքերով` «երկու պետությունները արդեն շատ ավելի ամուր ձեւով վերահաստատել են իրենց քաղաքական հանձնառությունները»:

Գոչունյանը դժվարացավ պատասխանել այն հարցին` արդյոք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերին կայանալիք Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար օդանավո՞վ կգնա Թուրքիա, թե՞ ավտոմեքենայով` հատելով բացված սահմանը. - «Չգիտենք, որովհետեւ, համենայն դեպս, պիտի հաշվի առնենք նաեւ, որ որքան էլ որ փաստաթղթերի բովանդակությունում այդ մասին չի նշվում, բայց Ղարաբաղյան կարգավորման գործընթացը, ըստ երեւույթին, իր ներգործությունը պիտի ունենա գործնականի մեջ, այս բանը իհարկե ասում ենք` դատելով Թուրքիայի պետական ավագանիի խոսքերից: Բայց մի քայլ առաջ իրավիճակ է, համենայն դեպս»:

Ստամուլի մեկ այլ հայալեզու պարբերականի` «Մարմարա» օրաթերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանի կարծիքով էլ, մեծ առաջխաղացում չկա, քանի որ, նրա համոզմամբ, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը կապվում է Ղարաբաղի խնդրի լուծման հետ:

«Կարծում եմ, որ դեռեւս մեծ բան սպասելու համար վաղ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց Հատտեճյանը:

Իր տեսակետը պարզաբանելու խնդրանքին ի պատասխան` «Մարմարա»-ի խմբագիրը ասաց. - «Որովհետեւ Թուրքիայի վարչապետը եւ արտաքին նախարարը իրենց հայտարարության մեջ նշում են, որ «այո, մենք որոշել ենք հարցը լուծել, բայց հետեւյալ «բայցը» կա», այս «բայցն» էլ միշտ գնում-գալիս` Ադրբեջանի եւ Ղարաբաղի հարցին է կապվում: Այսինքն, ասել կուզե, որ «մենք պատրաստ ենք համաձայնելու, բայց պայմանով, որ Հայաստանն էլ պետք եղած զիջողությունները անի»: Ամբողջ հարցը այն է, որ Թուրքիան ի՞նչ զիջողություն է սպասում, Հայաստանը ի՞նչ զիջողություն կարող է անել, կամ Ղարաբաղյան կողմը ի՞նչ զիջողություն կարող է անել: Ամբողջ խնդիրը այստեղ է, ես կարծում եմ, որ մեծ առաջխաղացում չկա»:

«Ամեն պարագայում, այս եղածն էլ արդեն հանրային կարծիք ստեղծելու տեսակետից մի փոքր օգտակար կարող է լինել», - ամփոփեց Ռոբեր Հատտեճյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG