Մատչելիության հղումներ

logo-print

Դաշնակցությունը իր մտահոգությունները հնչեցրեց հանրահավաքում


ՀՅԴ-ի հանրահավաքը Շարլ Ազնավուրի հրապարակում, 2-ը սեպտեմբերի, 2009թ.

ՀՅԴ-ի հանրահավաքը Շարլ Ազնավուրի հրապարակում, 2-ը սեպտեմբերի, 2009թ.

Հայ հեղափոխական դաշնակցությունը չորեքշաբթի օրը մայրաքաղաքի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացրած հանրահավաքում հնչեցրեց իր մտահոգությունները հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների կապակցությամբ:

Հանրահավաքն անցավ «Տեր կանգնենք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը» եւ «Ո'չ թուրքական նախապայմաններին» կարգախոսներով։

«Որքան էլ մեր եւ ամերիկյան պաշտոնյաները պնդեն, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ընթանում է առանց նախապայմանների, Թուրքիան, այնուամենայնիվ, դրանցից չի հրաժարվել։ Ավելին` նա հմտորեն կարողացել է ամբողջ այս բանակցային փաթեթը կառուցել հենց իր նախապայմանների շուրջ», - իր ելույթում Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: - «Առաջին հայացքից պարզ է՝ արվում է ամեն բան, որ Սերժ Սարգսյանը Թուրքիա գնալուց չհրաժարվի, Թուրքիայի աճող հեղինակությանը վնաս չհասցնի»:

«Հայաստանի նոր նախագահի եւ նոր արտգործնախարարի՝ հրապարակային բանակցությունների ճանապարհով արագ արդյունքների հասնելու ձգտումը մենք որակում ենք առնվազն որպես անզգուշություն, որի գինը մեր երկրի եւ ժողովրդի համար կարող է շատ թանկ լինել», - շարունակեց նա։

Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ նախաստորագրված արձանագրություններից մեկով նախատեսված ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթին՝ դա որակելով «խայտառակություն». - «Որքան էլ փորձեն մեզ համոզել, որ «պատմական հարթությունով զբաղվող» խումբը լինելու է ընդամենը ենթահանձնաժողով միջկառավարական երկկողմ հանձնաժողովի կազմում, բայց գայլի ականջներն այստեղ էլ բացահայտ երեւում են»։


«Եվ թող չփորձեն մեզ լուրջ դեմքերով բացատրել, թե սա, իբր, պարզ դիվանագիտական պրոտոկոլ է։ Այդպես չէ։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատելն անպայման պայմանավորված չէ փոխադարձ տարածքային ամբողջականություն կամ սահման ճանաչելով», - սահմանների փոխադարձ ճանաչման դրույթի վերաբերյալ ասաց ղեկավար դաշնակցականը։

Նրա համոզմամբ, թեեւ Ղարաբաղյան կարգավորման հարցը ներկայացված փաստաթղթերում ուղղակիորեն չի հիշատակվում, այնուամենայնիվ «կա մտահոգություն, որ հայ-թուրք հարաբերությունների կարգավորումը զուգորդվելու է Ղարաբաղյան հարցում հայկական կողմին միակողմանի զիջումների պարտադրմամբ»։

Այս կապակցությամբ Հովհաննիսյանը հիշեցրեց Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը. - «Թուրք արտգործնախարարը անգամ այս արձանագրությունների հրապարակումից հետո չմոռացավ հիշեցնել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բոլոր փուլերում Ադրբեջանի շահերը հաշվի են առնվելու։ Ուրեմն, կամ կփորձեն մեզ ծնկի բերել՝ զիջումներ պարտադրելով, կամ էլ պարզապես ճանապարհը չեն բացի»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը իր ելույթում անդրադարձավ Դաշնակցության կողմից նախարարի հրաժարականը պահանջելու հնարավորություն հարցին՝ ասելով. - «Նախ՝ ուզենք, թե չուզենք, գործող նախագահն է այսօր գլխավոր բանակցողը, եւ նրան է վերապահված անմիջական հարաբերություններում պաշտպանել մեր շահերը։ Քանի դեռ կա հնարավորություն կանխել վերջնական որեւէ նմանատիպ փաստաթղթի ստորագրումը եւ նպաստել այդ գործի հաջողությանը, այդպիսի պահանջը տրամաբանական չի կարող լինել։ Այդպիսի մի իրավիճակ մենք ունեցանք նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպումից առաջ` ս.թ. հուլիսի 16-ին, երբ պահանջեցինք Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ Եվ նույն հարցին հստակ պատասխան է հնչել, մենք սա անում ենք կանխելու մարդրիդյան սկզբունքների հիման վրա հնարավոր փաստաթղթի ընդունումը, եւ եթե դա ստորագրվեց, մենք կպահանջենք նաեւ նախագահի հրաժարականը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG